Զանգվածային ծեծկռտուք՝ Ախալքալաքում
Ախալքալաքում այսօր «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Jnews-ի հաղորդմամբ, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ականատեսների խոսքերով, 40-50 հոգի զինված փայտերով և մահակներով, եկել են շտաբի մոտ։ Նրանք պատմել են նաև, որ այնտեղ նկատել են խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորը և նրան մոտ անձանց: Բանավոր վիճաբանությունից հետո սկսվել է ծեծկռտուք։ Տեղում տարվում է քննչական աշխատանք:
Զանգվածային ծեծկռտուքի դեպքի առթիվ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով («հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն») հարուցվել է քրեական գործ:
Jnews-ը նաև հայտնում է, որ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարություն է արել այսօրվա Ախալքալաքում կատարվածի առիթով և հիմա ուղևորվում է Ախալքալաք։
«Մեր չորս կողմնակիցներին դաժանաբար ծեծել են, մեր շտաբ են հարձակվել խմբով, պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ղեկավարությամբ»,- հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն։
Նա ներքին գործերի նախարարությանը կոչ է անում շտապ արձագանքել։
«Հարձակվել են անսպասելիորեն, մահակներով։ Աշոտ Ռաիսյանին, Ապեր (Աբրահամ) Աբրահամյանին, Տիգրան Աբրահամյանին և Միշա Աղաբաբյանին դաժանաբար ծեծել են։ Մենք կոչ ենք անում իշխանություններին բռնությունից հրաժարվել, մենք ոչ մի սադրանքի չենք ենթարկվելու։ Ես կոչ եմ անում Ներքին գործերի նախարարությանը, ովքեր ընտրությունների ժամանակ մաքսիմալ հանգստություն պահպանեցին և հրաժարվեցին կատարել քաղաքական առաջադրանքներ, անմիջապես ձերբակալեն այդ մարդկանց։ Սա քրեական օրենսգրքի հանցագործություն է և պետք է անհապաղ արձագանքել։ Մենք հանգստություն ենք պահպանում, ի տարբերություն «Վրացական երազանքի», որն էլ ինչպես երևում է խելքերը կորցրել են», – հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացել են նախագահական ընտրություններ, սակայն թեկնածուներից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայն ընտրություններում հաղթելու համար։ Կայանալու է ընտրությունների երկու փուլ, որին մասնակցելու է անկախ թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և արտաքին գործերի նախկին նախարար, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում