Տրանսպորտի պատճառով բյուրականցիները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բնակիչները մտահոգված են։ Նրանց տեղեկացրել են, որ նոյեմբերի 1-ից Երևան-Բյուրական երթուղու՝ ժամը 19։55-ին նախատեսված չվերթը չի լինելու։
Վերջին տարիներին նոյեմբերից-ապրիլ ընկած ժամանակահատվածում երթուղին սպասարկող Արմեն Հովսեփյան Ա/Ձ-ն միշտ այդպես է արել, ինչի հետևանքով անհարմարություններ են առաջացել Երևանում սովորող ու աշխատող բյուրականցիների համար։
Նրանք ստիպված կամ աշխատանքն են թողել, կամ տաքսիով են տուն հասել, կամ էլ մեքենայով գյուղ գնացող հեռավոր ծանոթ կամ մոտ բարեկամ գտել։
«Բյուրական գնացող կամ միջով անցնող այլ տրանսպորտ չկա։ Հիմա մի քանի տասնյակ մարդ, չգիտի՝ թե ինչ է անելու երկու օր հետո»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի բնակիչ Հռիփսիմե Գրիգորյանը։
Նա աշխատում է Երևանում, աշխատանքն ավարտում է ժամը 19։00-19։30-ին։ Կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, քանի որ ստացած աշխատավարձը չի բավականացնի ամեն աշխատանքային օր տաքսիով Երևանից Բյուրական տուն հասնելու համար։
«Ընկերությունն ասում է, այդ ժամին չեն աշխատելու, քանի որ ուղևոր չկա։ Բայց մոտ 2 տասնյակ մարդ այս պահին դժգոհ է այդ որոշումից, նշանակում է, որ այդքան մարդ այդ ժամին Երևանից Բյուրական հասնելու խնդիր ունի, եթե ոչ ավտոբուս, գոնե միկրոավտոբուս գործի»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը։
Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով, ինքն ու մյուս բնակիչները մի քանի անգամ զանգահարել են տրանսպորտի նախարարության թեժ գիծ, իրենց պատասխանել են՝ հարցով կզբաղվեն։
«Բայց արդյունքում, երկու օրից այդ ժամին տրանսպորտը չի աշխատելու»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գրավոր դիմում-բողոք են ներկայացնելու նախարարություն, մարզպետարան։
Համայնքապետարան դիմել չեն ցանկանում, քանի որ նախորդ տարիներին դիմել են, որևէ քայլ չի ձեռնարկվել։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից Panorama.am-ին ասացին, հարցի վերաբերյալ արձագանքը կլինի մի փոքր ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան