Եվրոպան ցանկանում է դադարեցնել ժամային փոփոխությունները
Անցած հանգստյան օրերին Եվրոպական միությունն անցել է ձմեռային ժամանակին։ Որոշ երկրներում, հնարավոր է, վերջին անգամ է այդ փոփոխությունը կատարվում։ Սեպտեմբերին Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել հաջորդ տարվանից հրաժարվել ժամային ընդհանուր փոփոխությունից և յուրաքանչյուր պետության հնարավորություն տալ ինքը որոշի, թե որ ժամանակում մնալ՝ ամառային, թե ձմեռային։ Եվրանյուզը գրում է, որ ավստրիական Գրացում ԵՄ անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը քննարկվել է նաև այս հարցը։
«Մեր օրերում ժամերի փոփոխությունից էներգիայի խնայողությունը քիչ է։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մենք տարեկան էներգիայի սպառման ընդամենը 0,1-0,2 տոկոսն ենք խնայում»,- ասել է տրանսպորտի հարցերով Եվրոպական հանձնակատար Վիոլետա Բուլկը։
Դեռ ոչ բոլոր երկրներն են որոշել, թե ինչ ժամանակում են ցանկանում մնալ, որոշ երկրների համար էլ կարևոր է, որ այս հարցում կանոններն ընդհանուր լինեն։
ԵՄ երկրները պետք է որոշում ընդունեն մինչև հաջորդ տարվա ապրիլ, բայց, հնարավոր է, նրանց ավելի շատ ժամանակ հարկավոր լինի, որպեսզի այս հարցում համաձայնության գան։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2012 թվականից ժամային փոփոխություն չի լինում։ Հայաստանում փոփոխությունը հիմնավորեցին այսպես. «Հայաստանի Հանրապետության տարածքը ամբողջովին գտնվում է միջազգային երրորդ ժամային գոտում և մարտի վերջի կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ժամանակն իր աշխարհագրական ժամային գոտուց (երրորդ) շեղվում է 2 ժամով առաջ, որը խիստ աննպատակահարմար է»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ժամային փոփոխությունը կախված չէ որևէ այլ երկրի փոփոխությունից. փոխնախարար
- «Ժամանակի հաշվարկման կարգի» մասին օրենքում փոփոխություն կատարելը կարող է խնդիրներ առաջացնել
- Ժամացույցի սլաքներն այլևս հետ ու առաջ չենք տանի. Կառավարությունը որոշեց