Արա Բաբլոյանն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ ԽՎ նիստերը Երևանից տեղափոխելու կապակցությամբ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում նշել է, որ տարիներ շարունակ վեհաժողովի գործունեությունն ուղղված է պաշտպանական բնագավառում անդամ երկրների գործողությունների համակարգման ապահովմանը, այդ թվում մոդելային օրենսդրության ընդունմամբ և ժամանանակից օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ առաջարկությունների մշակմամբ:
«Ցանկանում եմ ափսոսանքս հայտնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի՝ Երևանից տեղափոխման կապակցությամբ: Այո, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է հանգեցնել խորհրդարանի ցրմանը, և, իբրև հետևանք՝ արտահերթ ընտրությունների: Այնուամենայնիվ, մենք պատրաստ էինք կատարել մեր պարտավորությունները և ընդունել մեզ մոտ նախատեսված միջոցառումները: Այդուհանդերձ, մենք հարգանքով ենք վերաբերվում փոխհամաձայնեցված որոշմանը՝ երևանյան նստաշրջանի անցկացման հետաձգմանը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերը կանցկացվեն Հայաստանում:
Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը չի փոփոխվի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, քանզի հասարակության մեջ առկա է փոխհամաձայնություն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վեհաժողովի շրջանակում արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ ձևաչափով: Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ միասնական օրենսդրական աշխատանքը ՀԱՊԿ-ի խորհրդարանական բաղադրիչի ձևաչափում կծառայի որպես խաղաղության և անվտանգության կարևոր գործոն ոչ միայն ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք նախագծեր, այդ թվում վեհաժողովի 11-րդ լիագումար նիստի օրակարգի նախագծին, ՀԱՊԿ ԽՎ-ում 2018 թ. Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, 2016-2020 թթ. համար ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ու մոտարկման վեհաժողովի գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, 2019 թ. ընթացքում վեհաժողովի աշխատանքային պլանին, ԽՎ ֆինանսական գործունեությանը, վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող և այլ ընթացակարգային հարցեր:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է 2018 թ. հուլիսի 7-11-ը Բեռլինում կայացած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցության արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյանը կմասնակցի ՀԱՊԿ նիստին
- ՀԱՊԿ ԽՎ-ն Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշումը տեխնիկական է. ԱԳՆ մամուլի խոսնակ
- ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա՝ ՀՀ ԱԺ հնարավոր լուծարման պատճառով
- Արա Սաղաթելյան. Մեր երկիրը լրջորեն պատրաստվում է կարևոր իրադարձության
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին