Ոչինչ տեղի չի ունեցել, գլոբալ խնդիրները դեռևս մնացել են. Բագրատ Ասատրյան
«Տարեսկզբից ունեցել ենք տնտեսական ակտիվության տեմպերի անկում, բայց առայժմ մակարդակը նախորդ տարվա այս ժամանակահատվածից բարձր է, այսինքն ողբերգություն տեղի չի ունեցել»,- այսօր «Տնտեսության ակտիվությունը դանդաղում է․ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական պատճառներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ սրա վրա ազդել են ոչ միայն տնտեսական, այլև թե քաղաքական, թե արտաքին գործոնները։
«Հեղափոխությունից հետո այն առաջին բացասական ազդեցությունը, որ մենք ունեցանք ի դեմս բանկային համակարգից արտահոսքի, ակտիվների նվազման՝ չեզոքացավ։ Իսկ այն դրական սպասումները, որ առաջ եկան հասարակության մեջ, իհարկե դեռ չեն ձևավորվել։ Իմ կարծիքով՝ այսօր որոշիչն այն անորոշությունն է, որ առկա է քաղաքական դաշտում։ Սովորաբար այս ժամանակահատվածում ակտիվորեն քննարկվում էր պետական բյուջեն, տնտեսական ծրագրերը, տնտեսական սպասումները, բայց կարծես այսօր ոչ ոք դրա մասին չի խոսում։ Ցավալի է, բայց ակամայից տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ, երրորդ պլան։ Դրական, էական զարգացումների կարելի է սպասել միայն ներքաղաքական որոշակիության ձևավորման պարագայում»,- նշեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է արտաքին գործոնների ազդեցությանը՝ Բագրատ Ասատրյանը առանձնացրեց պղնձի, ոսկու միջազգային գների անկումը, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության վիճակը և այնտեղ տեղի ունեցող գործընթացները։
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, կարծիք հայտնեց, որ ոչինչ տեղի չի ունեցել. «Իհարկե հեղափոխական պոռթկումն ինչ-որ տեղաշարժերի բերեց, բայց հիմնականում կոռուպցիայի հանդեպ վերաբերմունքի հետ կապված, օրինակ՝ գային փող չի վերցնում, բայց գլոբալ խնդիրները դեռևս մնացել են»։
Քննարկմանը ներկա տնտեսագետ Բաբկեն Թունյանը համաձայնեց Ասատրյանի հետ. «Մտահոգություն կա նաև այն հարցով, որ երբ ասում ենք՝ կա ստվերի դեմ պայքար, դա գոնե այս տնտեսական ցուցանիշների վրա պետք է արտացոլվեր։ Ավելի լավ է մենք ունենանք 1 կամ 2 տոկոս աճ, բայց լինի նորմալ որակյալ աճ, քան 15-20 տոկոսանոց աճ, որից կօգտվեն քիչ թվով մարդիկ»։
Թունյանի կարծիքով՝ այս պահին պետք չէ միայն լավը կամ միայն վատը ներկայացնել, պետք է օբյեկտիվ իրականությունը ներկայացնել ու խնդիրների մասին խոսել։ Ըստ նրա՝ գլխավոր խնդիրներից մեկն էլ անկազմակերպ վիճակն է հենց կառավարության ներսում։
Քննարկման մասնակիցներից Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին որոշակի թույլ ազդակներ լինում են։
«Ինչպես վարչապետն է ասել, տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի։ Այն կառուցվածքը, որը ներկայումս կա, դա երկարաժամկետ կայուն աճի հեռանկարներ չի ստեղծում։ Իսկ փոփոխությունը ենթադրում է, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշերի աճ, բայց փորձենք դա դարձնել որակ»,- ասաց խորհրդականը։
Արտակ Մանուկյանը չհամաձայնեց այն մտքին, որ տնտեսական քաղաքականություն չկա. «Հենց նույն կոռուպցիայի դեմ պայքարը արդեն իսկ նշում է, որ կա անհրաժեշտ պայմաններ, որը հնարավորություն է ստեղծում՝ երկիրը դարձնել մրցունակ»։