Լույս է տեսել արցախցի զինվորական բանաստեղծ Արմեն Բարխուդարյանի «Սիրահարների կղզին»
Արցախցի բանաստեղծ, զինվորական Արմեն Բարխուդարյանի անդրանիկ՝ «Սիրահարների կղզին» ժողովածուն դրվել է ընթերցողի սեղանին: Գրքի հիմնական թեման սերն է, կյանքի այն մեծ շարժիչ ուժը, որը երբեմն մարդուն հասցնում է վեհ բարձունքներ, երբեմն շղթայում՝ նետելով վշտերի ծովը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
«Ներշնչանքիս աղբյուրը հանդիսացել է Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ աշխարհին հայտնի, Նոբելյան մրցանակի դափնեկիր «Սերը ժանտախտի օրերին» վեպը և «100 տարվա մենություն» վեպը: «Սիրահարների կղզին» գրքում պատկերված են այնպիսի տեսարաններ, որոնցից ոմանց, վստահաբար, ականատեսը եղել է նաև գրքի ընթերցողը»,-գրքի մասին պատմում է հեղինակը:
Բանաստեղծի խոսքով՝ այնտեղ նկարագրված են՝ սեր, դավաճանություն, բերկրանք, միայնություն, կարոտ, թախիծ, հիասթափություն, երջանկություն նպատակասլացություն, ապրելու և հաղթելու ձգտում, սիրահարների բաժանում, հանդիպման բերկրանք: Գրքում պատկերված է այն աղջիկների կերպարը, որոնց համար սերը դրված է փողի նժարին ու, ցավոք, փողը ծանր կշիռ ունի նրանց աշխարհում: Նկարագրված է նաև այնպիսի աղջիկների կերպար, որոնց թիվը բավականին սակավ է, սակայն նրանց տեսակը դեռ չի վերացել:
Հեղինակի խոսքով, «Սիրահարների կղզին» գրքի հիմքում դրված է այն գաղափարը, որ առանց կնոջ աշխարհը կլիներ դժգույն, անհետաքրքիր, երջանկությունից զուրկ:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից տեղեկացնում են, որ գրքում ներառված են հեղինակի ՝ 8 տարվա 100-ից ավելի բանաստեղծություններ: Մինչև գիրքը լույս տեսնելը մի քանի բանաստեղծություն հրատարակվել է Արցախի թերթերում:
Ի դեպ,Արմեն Բարխուդարյանը զուգահեռ աշխատում է հաջորդ գրքի վրա: Հետագայում ցանկանում է գրել արձակ ոճում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան