Երբ վերադառնամ Լեհաստան, կցանկանամ խանութներում հայկական պանիր, գինի գտնել. Սվիտալսկի
«Ես հավատում եմ, որ ներկայիս կառավարությունը քաջատեղյակ է և գնահատում է Եվրամիության հետ իր համագործակցությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ կառավարությունն օգտագործու՞մ է ԵՄ-ի հետ համագործակցության ամբողջ պոտենցիալը։
Նա վստահություն հայտնեց, որ կառավարության նպատակներից մեկը պետք է լինի էլ ավելի արդյունավետ և հայ ժողովրդի համար ավելի շահեկան համագործակցությունը ԵՄ հետ:
«Մենք լիովին համաձայն ենք այդ մոտեցման հետ, և փորձում ենք ավելի օգտակար դարձնել այս համագործակցությունը։ ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ միայն փողի, ֆինանսների մասին է, այլ նաև՝ բիզնեսի զարգացման համար խթաններ առաջարկելու: ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի՝ ՀՀ-ի կողմից կիրառվելը կծառայի որպես այս ճանապարհի հիմք: Ես հավատում եմ, որ նոր կառավարությունը քաջատեղյակ է այս հնարավորությունից»,- ասաց Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ շարունակում են իրենց աշխատանքները նոր կառավարության հետ. «Ես վստահ եմ, որ դուք շատ շուտով կտեսնեք նոր պայմանագրերի արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր»։
Մեկ այլ հարցի՝ թե ինչ պետք է անել, որ հայկական ապրանքը հայտնվի եվրոպական շուկայում, ԵՄ դեսպանը պատասխանեց. «Չնայած Հայաստանը մաս է կազմում GSP+ ին և ավելի քան 6000 հայկական ապրանք կարող է Եվրոպա արտահանել առանց մաքսատուրքի, սակայն այդ փաստը չի փրկում մնացած խնդիրներից»։
Խոսելով հավաստագրերի ու սննդի որակի պահանջներից՝ նա ասաց. «Մենք հասկանում ենք, որ պահանջմունքները բավականին խիստ են, որ հատկապես օրգանական գյուղմթերքի համար այդ պահանջներն ավելի խիստ են, քան սովորական ապրանքներինը, բայց մենք հանձն ենք առել աջակցել այս գործընթացին և օգնելու ենք հայ գործարարներին անցնել այն»,- ասաց նա:
Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպական շուկան գրավիչ է, բայց այնտեղ մրցակցությունն է դժվար:
«Դուք պետք է ձեր ապրանքը լավ գովազդեք, ձեր բրենդը ստեղծեք Եվրոպայում: Ես հավատում եմ, որ հայկական ապրանքները շատ հաջողակ կլինեն։ Մենք օգնում ենք հայկական ապրանքներին հայտնվել այլ շուկաներում: Օրինակ՝ մենք օգնել ենք, որ հայկական գյուղմթերքը մուտք գործի Արաբական ծոցի երկրներ: Եվ Դուք ունեք Եվրասիական տնտեսական միության համագործակցության շուկան, և ԵՄ-ը կօգնի հայ ֆերմերներին, որ այնտեղ ևս հաջողակ լինեն»,- նշեց նա:
ԵՄ դեսպանն ասաց, որ մյուս տարի ավարտելու է իր առաքելությունը Հայաստանում և վերադառնալու է Լեհաստան. «Ես չեմ ցանկանա իմ ժամանակը ծախսել հայկական գինի, պանիր փնտրելու վրա, կցանկանայի, որ այդ ապրանքները գտնեի խանութներում: Այնքան մեծ կախվածություն ունեմ հայկական ապրանքներից: Ես չեմ թաքցնում, ես իրոք հետաքրքրված եմ, որ հայկական ապրանքները, գինիները կարողանան մուտք գործել և հաջողակ լինել եվրոպական շուկաներում»։
Հարակից հրապարակումներ`
- Գինեգործության լիդերները տպավորվել են հայկական գինիով ու կոնյակով. Փաշինյան
- Հայերը չեն կարող վատ գինի արտադրել, Արցախում հայաստանյան գործընկերների հետ քննարկվել է գինեգործության զարգացման ուղիները
- Հայկական պանիրը գնային առումով Ռուսաստանում մրցունակ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան