Եղանակը Իտալիայի գյուղատնտեսությանը 150 մլն եվրոյի վնաս է պատճառել
Իտալիայի տարածքում հանգստյան օրերին եղանակային վատ պայմանները այդ երկրի գյուղատնտեսության ոլորտի արտադրողներին պատճառել են 150 մլն եվրոյի վնաս։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման հայտարարություն է տարածել Coldiretti ասոցիացիան։
Ամպրոպը, կարկուտը, ուժեղ քամին ու ջրհեղեղը մեծ վնասներ են պատճառել ոլորտին։ Հատկապես վնասվել են ձիթապտղի ծառերը, մշակաբույսերը, ավերվել են ջերմատները։ Փլուզումների ու ջրհեղեղի պատճառով ցանքատարածություններ հասնել չի լինում։
150 մլն եվրոն դեռ նախնական գումարն է, վնասի չափը կարող է մեծանալ։ Գյուղատնտեսների ասոցիացիան տեղական իշխանություններին խնդրում է հնարավորինս արագ հաշվել վնասի չափերն ու դիմել պետությանը՝ օգնության համար։
Եղանակային վատ պայմանների հետևանքով հայտարարվել էր կարմիր՝ ամենաբարձր մակարդակ երկրի հյուսիսում գտնվող 5 շրջաններում։ Այսօրվա դրությամբ այն պահպանվում է երկու շրջանում։ Այսօր առավոտյան եղնակային պայմանների հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի։ Օդերևութաբանական ծառայության աշխատակիցները նշել են, որ նման բան չի եղել վերջին 50-60 տարիների ընթացքում։
2017-ի ամառնն էլ ամենաշոգն էր վերջին 200 տարվա ընթացքում։ Նույն ասոցիացիան հայտարարել էր, որ Իտալիայում անցած տարի ջրի անբավարարության հետևանքով տուժել է ցանքատարածությունների 2/3-ը, իսկ երաշտի պատճառած վնասը չափը կազմել էր 2 մլրդ եվրո։