ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումից մեկ տարի անց գործընթացի տեմպը բավարար չէ. Արմեն Աշոտյան
«Հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը խորհրդարանական դիվանագիտության տեսակետից կարելի է պատմական որակել, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով է պայմանավորված լինելու մոտակա 15-20 տարվա Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափը»,- այսօր ԱԺ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Կարծում եմ, որ ԵՄ-ի հետ աշխատանքները խորհրդարանական մակարդակով պակաս կարևոր չեն գործադիրի մակարդակով աշխատանքներից։ Կոմիտեի առաջին նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությունում և առաջարկությունների տեքստում մանրամասն անդրադարձ կա Հայաստանի ներքաղաքական կյանքին և արտաքին խնդիրներին։
Հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող կետերը աննախադեպ համապարփակ, հայ ժողովրդի տեսակետը ներառող անդրադարձ են կատարում Արցախյան հակամարտության կարգավորման խնդրին՝ մասնավորապես ընգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գոյությունը, կարգավորման բազմաթիվ տարրերի կարևորությունը։ Ես սա համարում եմ բանաձևի շատ հաջողված հատված»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության խնդրին, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական խնդիրներին։
«Քաղաքական գնահատականներ են հնչել ԱԺ գործունեության, Հայաստանում իշխանությունների տարանջատման սկզբունքների պահպանման հետ կապված, կարևորություն է տրվել ատելության քարոզչությունից ձեռնպահ մնալու հարցին, կոչ է արվել չխաթարել երկրի կայունությունը։
Իշխանությունների վրա պատասխանատվություն է դրվել՝ ապահովելու թափանցիկ, արդար պայմաններ՝ բոլոր ուժերի համար։ Ընտրական բարեփոխումների մասով ՀՀ իշխանություններին կրկին կոչ է արվել հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները։ Նշվել է, որ ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն հաջորդ ընտրություններից բավական ժամանակ առաջ»,- ասաց խորհրդարանականը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը շեշտեց, որ համաձայնագրի կնքումից մեկ տարի անց վավերացման գործընթացի տեմպը բավարար չէ։
«Սրա մասին խոսել եմ իմ ելույթում, որովհետև բազմաթիվ մարտահրավերներ գոյություն ունեն, և համաձայնագիրը պետք է ստանա լիարժեք ուժ»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ կոմիտեն կոչ է անում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն
- Ակնկալում ենք արդյունավետ առաջընթաց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում. եվրոպացի պաշտոնյա
- ՄԹ Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
- Փաշինյանը և Յունկերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրն փոխանցվել է ՄԹ Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման
- Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Բուլղարիայի Խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Բաբլոյանը հույս է հայտնել, որ Լեհաստանի Սենատը ևս չի ուշացնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան