Համաներումը չպետք է պարզապես մարդասիրական ակտ լինի. Վահրամ Բաղդասարյան
«Բավական հոդվածների հետ կապված՝ պետք է անդրադարձ կատարվի, որովհետև համաներումը չպետք է պարզապես մարդասիրական ակտ լինի, այլ պետք է այնպիսին լինի, որ լուրջ ազդեցություն ունենա։ Իրավական տեսանկյունից ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրենց առաջարկները չընդունվելու դեպքում ՀՀԿ-ն դեմ քվեարկի համաներման մասին օրինագծին, հանրապետական գործիչը պատասխանեց՝ սա այն օրենքը չէ։
Անդրադառնալով վաղը կայանալիք վարչապետի ընտրությանը՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ի սկզբունքը չի փոխվել, իրենք որևէ հարցով չեն խոչընդոտելու։
«Համենայնդեպս, սա ձևական բնույթ է կրում, ես իմաստը չեմ հասկանում նոր առաջադրման։ Այն ժամանակ, եթե կար մի բառ, որ քվեարկությունից հետո այդ «քվեարկության» բառի համար էր առաջադրվում, հասկանալի էր, այս անգամ չեմ հասկանում»,- ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնակատարն իր երկրորդ առաջադրումը բացատրել է ԱԺ ամբիոնից տնտեսական բլոկի հարցերին անդրադարձ կատարելու անհրաժեշտությամբ, Վահրամ Բաղդասարյանը նկատեց՝ առաջին ընտրության ժամանակ նա կարող էր կենտրոնանալ ոչ թե Կապանի ընտրությունների, այլ հենց տնտեսական հարցերի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Համաներման նախագիծը ենթակա է փոփոխման. Արտակ Զեյնալյան
- Հոկտեմբերի 31-ին ԱԺ արտահերթ նիստ՝ համաներման հարցով
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա