ՀՀԿ-ի համար գործարար թևի բացակայությունը կուսակցության ցուցակում մտահոգիչ չէ
«Լուծարվելուց հետո Խորհրդարանը գործելու է մինչև նոր ձևավորվող ԱԺ առաջին նիստը»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն խորհրդարանում այլևս չունի նախկին ազդեցությունը, պատգամավորը հարցին հարցով պատասխանեց.
«Ինչ է նշանակում՝ կորցրեց։ Գնում ենք նոր ընտրությունների, դեռ կորցնելու մասին վաղ է խոսել։ Պետք է հետևել զարգացումներին, հանրությունն ընտրության ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի»։
Լրագրողները Վահրամ Բաղդասարյանից նաև հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ին ձեռնտո՞ւ է ռեյտինգային ընտրակարգը։
«Մենք այդ հարցին ոչ թե նայել ենք՝ որն է ձեռնտու, այլ ընդհանուր քաղաքական տեսանկյունից ենք մենք մեր գնահատականը տվել։ Ընդհանուր առմամբ, անթույլատրելի էր դեկտեմբերին շուտափույթ ընտրություններ անցկացնել, և անթույլատրելի էր մեկ ամիս առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելը»,- ասաց հանրապետական գործիչը։
Վահրամ Բաղդասարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ՀՀԿ-ն պետք է համաժողով անցկացնի՝ որոշելու ընտրություններին մասնակցելու, ցուցակը կազմելու հարցերը։ Նա նշեց, որ համաժողովին մասնակցելու են բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ առաջնորդը։ Մինչ այդ՝ դեռևս հստակեցված չէ՝ ով է զբաղեցնելու ցուցակի առաջին հորիզոնականը։
Հարցին՝ Հանրապետական կուսակցությունն ընտրություններին կարող է մասնակցել, քանի որ Ընտրական օրենսգիրքը նո՞ւյնը մնաց, Բաղդասարյանը պատասխանեց՝ իրենք որոշել են անկախ դրանից։
«Դա էական նշանակություն չունի»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հորդորելով ենթադրություններ չանել, թե ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը, հնարավոր է, գլխավորի Վիգեն Սարգսյանը։
Իսկ մտահոգիչ չէ՞, որ ՀՀԿ գործարար թևն այևս չի լինելու կուսակցության ցուցակում, հարց ուղղեցին լրագրողները, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանը շեշտեց՝ մտահոգիչ չէ։
Նա նաև չբացառեց, որ ՀՀԿ ցուցակով առաջադրվեն այն պատգամավորները, որոնք նախկինում ռեյտինգային ընտրակարգով մեծ քանակությամբ ձայներ են ապահովել ՀՀԿ-ին։
Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ ՀՀԿ-ի հասցեին ասել էր՝ «Ռեյտինգային ընտրակարգը հավասար է փող բաժանելուն», Վահրամ Բաղդասարյանը նշեց՝ յուրաքանչյուրը խոսում է այն ամենից, ինչ ինքն է արել։
Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի անցնել խորհրդարան, ընդ որում՝ իրենք պայքարելու են ոչ միայն անցողիկ շեմը հաղթահարելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին