Իրանագետ. Իրանի հետ գործակցության նոր ուղղություններ պետք է փնտրել
Ստամբուլում արտգործնախարարների մակարդակով կայացած Թուրքիա-Իրան-Ադրբեջան 6-րդ եռակողմ հանդիպման հայտարարության մեջ արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում անցյալ տարեվերջին Բաքվում նույն ձևաչափի շրջանակներում այդ երկրների ԱԳ նախարարների տարածած համատեղ հայտարարության տեքստից։
Հայտարարության մեջ անգամ չի փոխվել անցկացման վայրը, Ստամբուլի փոխարեն Բաքու է գրված։ Սա նկատել ու հայտարարության լուսանկարը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։ Հայտարարության մեջ շոշափվել է նաև Ղարաբաղյան հակամարտության թեման։
«Անցած 5 հանդիպումներին էլ է շոշափվել, և համենայն դեպս համատեղ հայտարարության մակարդակում ես չտեսա որևէ նոր բան, առավել ևս Իրանի՝ Հայաստանի հանդեպ ունեցած դիրքորոշման փոփոխություն։ Սովորաբար այդ հանդիպումների արդյունքում ստորագրվող համատեղ հայտարարությունները մեկնաբանող հոդվածների վերնագրերն են փոխվում»,-գրել է նա։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ նշում է, քանի որ հայտարարության տեքստում փոփոխություն չի եղել, հետևաբար, իրանական դիրքորոշումների փոփոխության վերաբերյալ խոսելը, կարծում է՝ անտեղի է։
«Այս հանգամանքը սակայն դեռևս ինքնին չի նշանակում, որ պետք է հանգստանալ և դադարել նոր ուղղություններ փնտրել Իրանի հետ Հայաստանի գործակցության տիրույթում՝ թեկուզ հաշվի առնելով միայն այն, որ նման հանդիպումների փաստը ադրբեջանական կողմը զանազան մեքենայություններով, պետք է խոստովանել, բավական գրագետ օգտագործում է մեզ վրա քարոզչական ճնշում գործադրելու նպատակով։
Այս համատեքստում կուզենայի հիշեցնել, որ ժամանակին գոյություն ուներ Հայաստան-Իրան-Հունաստան բավական հետաքրքիր համագործակցության ձևաչափ, որի փաստացի վերակենդանացման ցանկության մասին դեռևս 2016թ․ հայտարարել էր նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Պակաս կարևոր չի լինի նաև Հայաստան-Վրաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան-Իրան, Հայաստան-Թուրքմենստան-Իրան հնարավոր համագործակցության ձևաչափերի ստեղծումը, ինչը մեր պետության արտաքին քաղաքականությանը կարող է հաղորդել բոլորովին նոր լիցքեր և միևնույն ժամանակ ամրապնդել մեր դերակատարությունը ողջ տարածաշրջանում։
Ի վերջո, ըստ իս, պետք է հաղթահարել մեր շուրջ տեղի ունեցող զարգացումներին, թող ներվի ասել, «բերանը բաց դիտորդի» կարգավիճակով հետևելու մտայնությունը և հանդես գալ որպես առավել նախաձեռնողական և հանդուգն խաղացող»,-գրել է իրանագետը։
Արձագանքելով այն քննադատություններին, որ հիշյալ հայտարարության մեջ չկա ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, Ոսկանյանը նկատել է, դրա համար պետք է նայել Իրանի էթնիկական քարտեզին ու պատկերացնել, որ ասենք, Ատրպատականում տեղի ունենա ինքնորոշում։
«Իրանը դեռ մի կողմ՝ Երասխից Մեղրի ու Հորադիսից մինչև Սադախլո կորագծով Հայաստանը կդառնա կղզի «Միացյալ Ադրբեջանի» ծովում»,-նշել է նա։