ՀՅԴ ՀԵՄ. Կոչ ենք անում որևէ կերպ չաջակցել նոյեմբերի 15-18-ը կայանալիք ֆորումին
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը տարածել է հայտարարություն՝ դեմ արտահայտվելով միասեռականների՝ Հայաստանում անցկացվելիք համաժողովին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ելնելով իրողությունից, որ ազգային միջավայրը, արժեհամակարգը, բարոյական ընկալումները և նորմերը հանդիսանում են մեր ինքնությունը պայմանավորող հիմքերը,
ազգային ավանդական ընտանիքի մոդելը հայ ազգի հարատևությունը երաշխավորող անսակարկելի արժեք է, որի հանդեպ ոտնձգությունը ազգային անվտանգության խնդիր է՝
անընդունելի ենք համարում համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների քողի տակ ազգային ինքնության հիմքերը խարխլող երևույթների ուղղակի կամ անուղղակի քարոզչությունը:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ ՀԵՄ-ը, լինելով առաջադիմության ջատագով և համամարդկային արժեքների կրող, հանդիսանում է իր էության անբաժան մասը կազմող և սեփական աշխարհընկալման ու գաղափարախոսության հիմքում ընկած ազգային արժեքների պահպանողը:
Հետևաբար, չենք կարող անարձագանք թողնել վերջին շրջանում մեր իրականության մեջ հաճախ հանդիպող իրողությունները, որոնք անխուսափելիորեն բացասական ազդեցությունն են թողնելու հայ հասարակության վրա:
Հարգելով ցանկացած անհատի իրավունքներն ու ազատությունները՝ այնուամենայնիվ կարծում ենք, որ մեր հասարակությանը խորթ արժեքների քարոզը հղի է անկանխատեսելի վտանգներով և կարող է դիտվել որպես սադրանք՝ ավանդական արժեքներն վրա հիմնված հասարակության նկատմամբ:
Հաշվի առնելով վերոհիշյալը, կոչ ենք անում որևէ կերպ չաջակցել նոյեմբերի 15-18-ը կայանալիք ֆորումին:
ՀՀ իրավապահ մարմիններին կոչ ենք անում, հատուկ զգոնություն ցուցաբերել նախատեսվող ֆորումի օրերին և չտրվելով սադրանքներին՝ կանխել անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտման ցանկացած դրսևորում:
Բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել խոհեմություն և գործել ի նպաստ հայ հասարակության և Հայաստանի շահերի»։
Նշենք, որ «Երիտասարդ կյանք» ՀԿ-ն նախատեսում է իրականացնել ակցիա՝ «Դեմ եմ ԼԳԲՏ ժողովին» խորագրով։
Հարակից հրապարակումներ`
- ԼԳԲՏ-ի հետ կապված պետք է որոշում կայացնել օրենսդրական մակարդակով. Փաշինյան
- Շուռնուխ գյուղում ծեծել են ԼԳԲՏ ակտիվիստների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան