Աշոտյան. Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է
«Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր»,-ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանաը միշտ բաց է մնացել:
«Հիշեք, նաև որ 90-ականներին այդ սահամանը պատերազմող և շրջափակված Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» էր:
ԱՄՆ-ով, կամ որևէ այլ երկրով, պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի:
Իսկ եթե Փաշինյանի հայտարարության հիմքում ընկած է իրանա-ամերիկյան հնարավոր ռազմական բախումը, ապա դա այնքան կործանարար կլինի ռեգիոնի համար, որ սահմանի փակումով չենք պրծնի, պարոնայք: Այդ դեպքում իրավիճակին համարժեք լուծումների մասին խորհե՞լ եք: Էքստրեմալ սցենարներին երկիրը պատրաստե՞լ եք:
Չմոռանաք երբեք նաև այն կարևորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման ևս գոյություն ունի, և այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը: Իսկ այդ մասին մտածե՞լ եք: Արցախի Հանրապետության ղեկավարության հետ համատեղ գործողությունների հնարավոր սցենարներ քննարկե՞լ եք:
Աղմկահարույց հայտարարություններից հետո պատրաստ եղեք առերեսվելու բազմաթիվ հարցականների հետ»,-գրել է ՀՀԿ-ական գործիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան