Գագիկ Հարությունյան․ Խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են
«Խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Ընտրություններն անհրաժեշտ են պետության ապագայի, զարգացման, սահմանադրական հավասարակշռությունը վերականգնելու առումով»,-այսօր այս մասին լրագրողներին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ Երևանում մեկնարկած «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովին։
Գագիկ Հարությունյանը նշեց, որ ներկայումս կա սահմանադրական հավասարակշռության լուրջ խախտում, որի էությունն այն է, որ խորհրդարանական կառավարման համակարգում պետք է լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն։ Եթե այն չի ձևավորվում ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, նախատեսվում է անցկացնել երկրորդ փուլ, եթե երկրորդում էլ չի ձևավորվում, տրամաբանականը նոր ընտրություններն են։ Եթե խորհրդարանում կան որոշակի թվով կուսակցություններ, ենթադրվում է ու նաև օրենքն է նախատեսում, որ կարող են կոալիցիա ձևավորել ու ձևավորել խորհրդարանական մեծամասնություն։ Եթե չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն, ապա դա խոսում է սահմանադրական հավասարակշռության խախտման մասին,որը կարող է բերել լուրջ սահմանադրական ճգնաժամի։
«Խաթարվում է իշխանության բոլոր թևերի միջև սահմանադրորեն նախատեսված հավասարակշռությունը։ Եթե առաջնային մանդատ ունեցող միակ մարմինն ի վիճակի չէ դա շտկել, ապա պետք է դիմի իշխանության աղբյուրին՝ ժողովրդին, որն այս պայմաններում պետք է ձևավորի նոր, կայուն խորհրդարանական մեծամասնությամբ, որը կայուն զարգացման երաշխիքն է։ Այսինքն եթե արդեն իսկ անհնարին էխորհրդարանում կայուն մեծամասնություն երաշխավորումը, անխուսափելի է դառնում խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Ի՞նչ ձևով՝ սահմանադրությունը նախատեսել է»,-ասաց Գագիկ Հարությունյանը։
Սահմանադրական դատարանի նախկին նախագահը նաև նշեց, որ իրավիճակից դուրս գալու համար կարող էր լինել ևս մեկ ճանապարհ, որը դարձյալ խորհրդարանի ընտրության խնդիրն էր։
«Քիչ ավելի խորը սահմանադրությունն ուսումնասիրելու պարագայում հարց կառաջանար, ինչո՞ւ որոշ հոդվածների փոփոխությունը թողնվեց խորհրդարանին, որոշները՝ հանրաքվեին, որպեսզի հնարավոր լիներ հեշտացնել այդպիսի վիճակներում իրավաչափ ելքերը։ Նույն խորհրդարանը կարող էր իր, կառավարության կամ 150 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ փոփոխություն կատարել 92 հոդվածում և ավելացնել նաև դրույթ, որ եթե իրավիճակն այնպիսին է, որ անհնարին է ձևավորել կայուն մեծամասնություն, Ազգային ժողովն արձակվում է։ Սրանք բոլորը քաղաքակիրթ և սահմանադրական ճանապարհներ են»,-ասաց Գագիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բուքիքիո․ Խաղի կանոնները չպետք է փոխվեն խաղից անմիջապես առաջ, բայց բարելավմանը չպետք է ընդդիմանանք
- Բուքիքիո․ Հայաստանն ունի լավագույն սահմանադրություններից մեկը, բայց քաղաքացիները բավարարված չէին
- Մեկնարկեց «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորհրդաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին