Կոնջորյանի որոշումը ողջունել է Սիմոնյանը
ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով խորհրդարանում հայտնվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, հայտարարել է, որ երեկվանից դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը:
«Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ: Ես խորապես շնորհակալ եմ Լուսավոր Հայաստանի իմ ընկերներին անցած համատեղ ճանապարհի համար և հաջողություն եմ մաղթում նրանց՝ ապագա ձեռնարկումներում:
Ես հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է: Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի և անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս-ուսի տված:
Ուստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երազանքների ափին»,-մանրամասնել է նա։
Ֆեյսբուքում շատ օգտատերեր նկատել են, եթե «Լուսավոր Հայաստան»-ից դուրս գալու նրա քայլին պետք է հետևեր նաև պատգամավորի մանդատից հրաժարվելը։
Կոնջորյանի որոշումը ողջունել է «Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը գրել է. «Այսօր իմ ընկեր Հայկ Կոնջորյանը շատ կարևոր որոշում է կայացրել. Հայկ ջան, բարի գալուստ մեր թիմ, ուրախ եմ շատ նման ուժեղ գաղափարակից ունենալ, վստահ եմ, որ մեծ անելիքներ ունենք առաջիկայում»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան