Ակնկալում եմ, որ ամեն ինչ կանեք՝ պահպանելու ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը. ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյանին
«Ակնկալում էինք թռիչքային զարգացում, այս բյուջեով գրված էր 6,5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2019 թվականին մենք սպասում ենք 4,9 տոկոս տնտեսական աճ։ Ավելին՝ 2019 թվականի բյուջեի նախագծով 3,5 տոկոս գնաճ է նախատեսվում և 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում»,- Խորհրդարանի այսօրվա հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ինչ վերաբերում է աշխատատեղերի բացմանն՝ ասաց. «10-15 աշխատատեղ եք բացում, «Հայլուրը» մի շաբաթ ցույց է տալիս, տնտեսական թողարկումով առավոտը, իրիկունը, թերթերը, սայթերը, այն դեպքում, որ Ալավերդու պղնձաձուլարանը փակման ենթակա է դարձել։ Ես չգիտեմ՝ ով է մեղավոր, ով չի մեղավոր, բայց 630 ալավերդցի այսօր կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև»։
Դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, Շարմազանովն ասաց. «Երբ որ հեղափոխություն դեռ չէիք արել, մեր օպոնենտները քննադատում էին մեզ էլ կարմիր գծերի, էլ կամերաների համար։ Հիմա պարզվեց, որ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք, կամերաներն էլ ոչ թե փակենք, այլ՝ շատացնենք։ Այդ ո՞նց եղավ։ Բա հեղափոխության շրջանում Ձեր կողմնակիցները, հազար ներողություն, իրենց ներքնաշորերով կամերաներն էին փակում։ Դրանով բողոք էին հայտնում, որ այդ տեսախցիկները պետք չեն»։
Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացմանը՝ նշեց. «Որ գնացիք շուկա, պոմիդորի, վարունգի գները հարցրեցիք, դրանից հետո այս ժողովուրդը պոմիդորն ու վարունգը ավելի էժան առա՞վ, թե ավելի թանկացավ»։
Նա ադրադարձավ նաև արտաքին քաղաքակնության ու անվտանգության հարցերին. «Հենց քննադատում ենք, ասում եք՝ բա չէ, ձեր նման վիզը ծուռ քաղաքականություն։ Եթե վիզը ծուռը նա է եղել, որ ՀՀ-ն մտավ և ԵԱՏՄ, և ՀԱՊԿ-ում գլխավոր պաշտոն է ունեցել և դեռևս ունի, և ԵՄ հետ ստորագրել է համաձայնագիր, ապա ես չգիտեմ, թե հպարտ վզով քաղաքականությունը որն է։ Հպարտ վզովն էլ տեսանք, Բոլթոնն եկավ, ասեց դուք ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք։ Այդ ո՞րն է պատմական կաղապարը՝ ավանդական հայ ընտանի՞քը, քրիստոնեական արժեքնե՞րը, Ցեղասպանության ճանաչումից հրաժարվե՞լը, Արցախյան հարցում հայանպաստ դիրքորոշու՞մը»։
Եզրափակելով ելույթը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ ակնկալում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին՝ Աստանայում ամեն ինչ կանի, որպեսզի ՀՀ-ն պահպանի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը. «Դա կլինի մեծ նվեր մեր ժողովրդին։ Իմիջիայլոց, այդ օրն իմ ծնունդն է, կընդունեմ դա որպես նվեր, պարոն Փաշինյան»։
Էդուրադ Շարմազանովն ասաց, որ ինքը չի մասնակցի վարչապետի ընտրության հարցի քվեարկությանը։ Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ խմբակցություններին, անջատված պատգամավորներին, կառավարության ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և նշեց. «Իմ քննադատությունների հիմքում մի փնտրեք որևէ անձնական բան»։
Հարակից հրապարակումներ`
- Եկանք կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև. Շարմազանով
- Հայաստանը հենվել է, հենվում է ու շարունակելու է հենվել ՀՀ ազգային շահերի վրա. Փաշինյան
- Փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ. Նիկոլ Փաշինյան
- ԱԺ-ն հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցն է քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան