Փաշինյան. ՔԿՀ-ները խայտառակ վիճակում են
«Մենք նախատեսում ենք, որ դատապարտյալին մեկ ՔԿՀ-ից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք, ի թիվս այլնի, դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումները։ Այսինքն, դատապարտյալներին ՔԿՀ-ներում տեղաբաշխելիս այնպես անել, որ նրանք լինեն մերձավոր ազգականների բնակության վայրին ավելի մոտ»,-կառավարության նիստում առաջարկվող փոփոխությունը ներկայացրեց արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը։
Փոփոխությունն ընդգրկված է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծում։ Այն արդարադատության նախարարությունը մշակել է ՄԻՊ-ի հետ։ Բացի այդ, նախատեսվում է կարճաժամկետ մեկնում տրամադրել դատապարտյալին, երբ նրա երեխան հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում։ Բացի այդ, բարձրացվելու է դատապարտյալի կողմից իր հաշվին գնումների գումարային շեմը՝ գործող 30 հազարի փոխարեն ցանկանում են սահմանել 60 հազար դրամ։
«Առավելագույն շեմը սահմանված էր դեռ 2014-ին, բացի այդ վերջին տարիներին գնաճ է տեղի ունեցել, և եղած առավելագույն շեմն արդարացված չէր»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։
Հաջորդ կետով նախատեսվում է, որ ցմահ դատապարտյալներն առանձին չեն պահվելու, նրանք պահվելու են մյուս դատապարտյալների հետ։ Ցանկության դեպքում, նա կարող է դիմել առանձին պահվելու համար։
«Առաջարկում ենք, որ կալանավորը կամ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում կարողանան ստանալ նույնականացման քարտ»,-փոփոխությունները շարունակեց թվարկել փոխնախարարի պաշտոնակատարը, նշելով, որ այս դեպքում մեկ սահմանափակում է գործում։
Նիստը վարող վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հետաքրքրվեց, հիմա «Կենտրոն» ՔԿՀ-ում երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներ կա՞ն։
Հովհաննիսյանը պատասխանեց, որ օրենքի ընդունման հետ մեկտեղ պետք է մի սենյակ կահավորվի այդ նպատակով, 6-7քմ մակերեսով տարածք է լինելում անկողին կլինի, արագ սննդի պատրաստման համար նախատեսված պարագաններով։
«Սանհանգույց էլ պետք է լինի»,-արձագանքեց նա։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ տեղեկացրեց, որ բոլոր առաջարկություններն արվել են պաշտպանի գրասենյակին հասցեագրված բողոքների, դրանցում բարձրացված խնդիրների մոնիտորինգի արդյունքների վրա։
«Սրանով մենք ներդրում ենք դատապարտյալի նկատմամբ անհատական մոտեցման սկզբունքը, և վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմը։ Պետք է արգելքները հնարավորինս նվազեցվեն։ Միջազգային սկզբունքն այն է, որ ազատությունից զրկված անձին պետությունը պետք է առաջին իսկ պահից, երբ նա մտնում է ՔԿՀ, պատրաստի ազատության։ Եվ նրա համար պետք է կանխատեսելի լինի այն վարքագիծը, որը նա դրսևորելու է, որի հիման վրա պետությունը կատարելու է ռեժիմների կամ ՔԿՀ-ների փոփոխություն, կամ ազատ է արձակելու»,-ասաց Թաթոյանը։
Փաշինյանը բովանդակային առումով պոզիտիվ գնահատեց, բայց մտավախություն հայտնեց, որ պրակտիկայում վատ է կիրառվելու, քանի որ շատ դեպքերում պայմանները բավարար չեն։
«Բովանդակության առումով ճիշտ է։ Շատ հարմար առիթ է, որ արձանագրենք, որ մեր բոլոր ՔԿՀ-ները գտնվում են խայտառակ վիճակում, այսինքն խցային, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են։ Կարևոր փոփոխություններ են, բայց բոլոր ռիսկերի մասին մենք պետք է անընդհատ հիշենք, փորձենք լուծումներ գտնել կառավարության, ՄԻՊ գրասենյակի ու քաղհասարակության համագործակցության արդյունքում»,-ասաց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակի ու միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ հնարավոր կլինի հրաժարվել հին ՔԿՀ-ներից, ցավ հայտնեց, որ նոր ՔԿՀ-ն էլ չեն փայլում պայմաններով, ծախսի արդյունավետությամբ։
Որոշմանը գործադիրի ներկա բոլոր անդամները կողմ քվեարկեցին։
Այս հարցի քննարկումից հետո Փաշինյանը լքեց կառավարության նիստը, որը կշարունակի վարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Փաշինյանը կառավարությունից շտապեց ԱԺ, որտեղ այսօր վարչապետ են (չ)ընտրելու։