Երևանում նոր էլեկտրակայան կկառուցվի
«Նախատեսվում է Երևանի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ կառուցել գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան»,-կառավարության նիստում հայտարարեց Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը։
Նա գործադիրի անդամներին ներկայացնում էր Երևան քաղաքի տարածքում էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը։
Զեկուցողն ասաց, որ կայանը կապահովի անհրաժեշտ հզորությամբ պահուստ սեզոնային բնույթ կրող ներքին սպառման աճի, ինչպես նաև վթարային իրավիճակներում համակարգի կայունության ապահովման համար։
Ծրագրի իրականացման համան նախատեսվում է ներդնել 250 մլն դոլար, շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, դրանում կներգրավվի 1000-1200 մարդ, էլեկտրակայանի շահագործման դեպքում կբացվի 200-250 աշխատատեղ, նրանցից 50-70-ը շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա վերապատրաստման ու որակավորում ստանալու համար։
Փաշինյանն ասաց, թեման ամեաակտիվ ու ամենաբարդ բանակցվողներից է, շրջանակային համաձայնագիրը կնքվել է 2017-ին, ըստ էության որոշակի պարտավորություններ Հայաստանը ստանձնել էր։
«Առաջին հարցն այն է, արդյո՞ք Հայաստանը նոր կայանի կարիք ունի, հարցի պատասխանը դրական էր միանշանակ։ Տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը։ Հաջորդ խնդիրը գինն էր։ Բանակցությունների արդյունքում այդ գինը փոփոխության ենթարկվեց, նվազեց, տվյալ դեպքում մենք հասել ենք մի սակագնի, որը պոզիտիվ, թեթևացնող ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,-ասաց կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։
Փաշինյանը նկատեց, որ համաձայնագրին հավանություն տալը պոզիտիվ ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար։
Նա ավելացրեց, որ պայմանագրի կետերից մեկի հետ կապված խնդիր կար, այն հանվել է նախագծից։
«Ամենամեծ բանավիճն այն էր, ինչու ոչ մրցույթային կարգով, այլ բանակցությունների միջոցով։ Տվյալ դեպքում արդեն գոյություն ուներ ստանձնած պարտավորություն ՀՀ-ի կողմից, մենք մտածեցինք, որ վերաբանակցման առումով կարող է ընդունելի լինել նաև այս տարբերակը։ Վրաստանում մրցութային կարգով կառուցվել է նմանատիպ կայան, փաստացի ավելի բարձր սակագին է ստացվել»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Որոշումն ընդունվեց միաձայն, մինչ համաձայնագրի ստորագրումը, ըստ Փաշինյանի, 5-6 օր ունեն «վերջին նյուանսները» քննարկելու, ճշգրտելու համար։ Դրանիցից հետո միայն հանձնարարական կտա այն ստորագրելու համար։
Նշենք, որ համաձայնագիրը կքնվելու է ՀՀ Կառավարության, «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին