Փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ. Նիկոլ Փաշինյան
«ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ», - այս մասին այսօր խորհրդարանի հատուկ նիստում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ երկու ամիս առաջ հրապարակել է տնտեսական առաջընթացի կառուցվածքի մասին կառավարության պատկերացումը, որի քաղաքական արձանագրումը, հետևյալն է. «Մենք ագրարային հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերական և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի»։
Խոսելով գյուղատնտեսությունին, վարչապետի թեկնածուն նշեց, որ այն շարունակում է չհամապատասխանել ժամանակակից պահանջներին՝ ոռոգման ջրի, վնասատուների դեմ պայքարի և այլնի առումով:
«Մենք այսքան ասում ենք ստվերային տնտեսություն, բայց մեր երկրում կան ստվերային այգիներ: Այո, հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որ դրա համար հարկեր չվճարեն: Ամեն անգամ, երբ տարեսկզբին պլանավորում ենք ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք սպառվել են, ոչ մեկը չի կարող բացատրել, թե որտեղ է ջրի քանակը, որոնք, ըստ պաշտոնական թվերի, մեզ պետք է բավականացներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ևս մեկ գործոն կա, որն ազդում է տնտեսական աճի վրա՝ բյուջեի ծախսային մասի թերակատարումը. «Հեղափոխությունից հետո թերակատարման ռեժիմով ենք գնում: Պատճառը կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքական գիծն է: Բազմաթիվ ծրագրեր իրականացվում են ոչ արդյունավետ, և ստիպված ենք եղել ամեն ծրագրի վերաբերվել առանձնակի ուշադրությամբ։ Տարբեր քննչական մարմիններում քննվում է 200 մլն դոլարի քրեական գործ՝ չարաշահումների, վատնումների վերաբերյալ»։
Նա հայտնեց, որ վերջերս ստուգումներ են իրականացրել Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-ից 150-ում։
«Դրանց 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ։ Սա խայտառակ երևույթ է։ Այդ փոքր հէկ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին։ Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ վերցվում է ավելի շատ ջուր, ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, ավելի շատ էլեկտրաէներգիա և ավելի շատ եկամուտ ստանալու համար, որն ըստ էության, ոչ միայն ջրային բալանսի խախտման է բերում, այլև՝ պետական եկամուտների կորստի։ Հիմա պետք է աշխատենք բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ», - ներկայացրեց վարչապետի պաշտոնակատարը։
Նշենք, որ մինչ ելույթ ունենալը Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել.
««Ելք» խմբակցության ղեկավարի իմ նախկին աշխատասենյակի պատշգամբից նայում եմ ԱԺ այգուն:
Երիտասարդ մայրը և փոքրիկ որդին վազվզում են ԱԺ այգու սիզամարգին, ծառերի տակ: Շենքի ներսում ԱԺ նիստ է, բուռն քննարկումներ:
ՀՀ վարչապետ, վարչապետի թեկնածուն մտածում է քիչ անց ունենալիք ելույթի մասին ու նայում է երիտասարդ մայրիկին ու նրա փոքրիկ որդուն:
Նրանք ակնհայտորեն երջանիկ են: Եվ սա է ամենակարևորը»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցն է քննարկում
- Բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել, արձանագրել 11% տնտեսական աճ. Փաշինյան
- Փաշինյանն այսօր ԱԺ էր եկել հայկական արտադրության հագուստով՝ բացի փողկապից
- Տնտեսության աճի տեմպը դանդաղել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին