Բուքիքիո․ Խաղի կանոնները չպետք է փոխվեն խաղից անմիջապես առաջ, բայց բարելավմանը չպետք է ընդդիմանանք
Վենետիկի հանձնաժողովն ամբողջությամբ չէր ուսումնասիրել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները և հայտարարությունը Վենետիկի հանձնաժողովի նախագահի անձնական հայտարարությունն էր։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովին լրագրողներին ասաց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն։
«Իմ հիմնական գնահատականն այն էր, որ այս փոփոխություններից շատերը դրական են։ Ճիշտ է, որ Վենետիկի հանձնաժողովը մշտապես ասում է, որ ընտրական բարեփոխումները պետք է արվեն ընտրություններից մեկ տարի առաջ ու չպետք է փոխվեն խաղի կանոնները խաղից անմիջապես առաջ, սակայն, եթե խոսքը վերաբերում է բարելավմանը, կան լավ փոփոխություններ, մենք չպետք է ընդդիմանանք դրանց։ Մենք պետք է նաև հաշվի առնենք յուրահատուկ քաղաքական իրավիճակը Հայաստանում ու այն հստակեցնելու անհրաժեշտությունը»,- ասաց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն՝ անդրադառնալով հարցին, որ իր կողմից արված հայտարարությունը ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ներկայիս իշխանությունը համարում է դրական, իսկ նախկին իշխանության ներկայացուցիչներն ընդգծում են 1 տարվա սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։
Բուքիքիոն նշեց, որ ընտրությունները կհստակեցնեն իրավիճակը և որ ներկայիս իշխանությունները, ընտրություններում մեծամասնություն ունենալու դեպքում, պատրաստակամություն են հայտնել իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ ու չընդունված ընտրական օրենսգրքի փոփոխությունները կրկին կուսումնասիրվեն։
«Իհարկե, մենք պետք է զգոն լինենք և տեսնենք, արդյոք այս ողջ դրական մտադրություններին կհետևեն իրական քայլերը, բայց ես լավատես եմ»,-ասաց Բուքիքիոն։
Հարցին, թե արդյոք խնդիր չի տեսնում, որ դեկտեմբերին ընտրությունները տեղի ունենան նախկին ընտրակարգով, Բուքիքիոն ասաց, որ խորհրդարանը սուվերեն մարմին է ու որոշեց չընդունել փոփոխությունները, ու ընտրությունները կանցկացվեն նախորդ ընտրական օրենսգրքով, որը լավն է։
«Ամեն ինչ կարող է բարելավվել, ու սա էր փոփոխությունների իրականացման ոգին։ Իհարկե, կարևոր է ունենալ լավ ընտրական օրենսդրություն, սակայն ավելի կարևոր է, որ ընտրական գործընթացը լինի արդար, առանց կեղծումների»,-ասաց Բուքիքիոն։
Հիշեցնենք, որ Բուքիքիոն իր հայտարարության մեջ ողջունել էր այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվել են քվեարկության իրավունքի դյուրացման համար, լրատվամիջոցների հասանելիությունը, դիտորդների իրավունքները և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի թափանցիկությունը ընդլայնելու, ինչպես նաև ընտրական կեղծարարության դեմ պայքարելու համար։ Հիշեցրել էր նաև Վենետիկի հանձնաժողովի վերապահումները, որ ընտրական համակարգում խոշոր փոփոխությունները պետք է կատարվեն ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան