Հղի կնոջ 9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա
Երկար ժամանակ 24-ամյա Դ. Գրիգորյանը որովայնի շրջանում ուժեղ ցավեր է ունեցել, զգացել է՝ գիրանում է օր օրի:
«Էրեբունի» ԲԿ դիմած կնոջ հետազոտության արդյունքները շոկային էին թե իր, թե բժիշկների համար: Որովայնի խոռոչում ախտորոշվել է 9 կգ-անոց միոմա:
Ուլտրաձայնային հետազոտությունը նաև պարզել է՝ Դիանան հղի է, մոտ 15-16 շաբաթական:
Ծննդատանը միանգամից կազմակերպվել է կոնսիլիում և որոշվել է՝ անհրաժեշտ է վիրահատել: Հաշվի առնելով վիժման մեծ վտանգը՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ անմիջապես կատարվել է բարդ վիրահատություն, հեռացվել է գիգանտ միոման, որի երկու հանգույցները հեռացնելուց հետո միասին 8 կգ, 600 գրամ էին կշռում:
«Ուռուցքն ուներ 9 ամսական հղիության մեծություն։ Այն բարորակ էր։ Ճիշտ ախտորոշման արդյունքում որոշեցինք վիրահատել, հակառակ դեպքում վիժման վտանգ կար»,-նշում է Ա. Պողոսյանը։
Բժիշկները կատարել են հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ հղիությունը պահպանելու համար: Հղիության հետագա 5 ամիսների ընթացքում Դիանան Էրեբունի ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքում մշտական հսկողության տակ էր: 9 ամիսը լրանալուն պես կատարվել է կեսարյան հատումը: Ծնվել է առողջ աղջիկ՝ 3 կգ քաշով:
Մանրամասները՝ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։