Կարծում եմ՝ ԸՕ-ի մեր առաջարկած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին. Փաշինյան
Բարեփոխված Ընտրական օրենսգրքով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման տեսակետ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն:
«Այս ընտրությունը ՔՊ-ի կամ որևէ այլ ուժի համար չէ: Այս ընտրությունը ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես կարծում եմ, որ ԸՕ-ի մեր առաջարկած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Եվ այն, քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի համար, հնարավորություն կընդգրկեր»,-նշեց նա։
Փաշինյանի համոզմամբ, իրենք լիարժեք հնարավորություն կունենան ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ:
Վարչապետի պաշտոնակատարը միաժամանակ նկատեց, որ Երևանի ավագանու ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները ևս տեղի են ունեցել գործող օրենսգրքով, և դրանց որակի գնահատականը դրանից չի փոխվել:
«Եթե խորհրդարանական ուժերը պատրաստակամություն հայտնեն նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար, մենք կողմ ենք դրան: Ուղղակի ես չեմ կարծում, որ արժե գործընթացն անընդհատ պտտել: Եթե գործըթացի մեջ կտեղավորվի, մենք դեմ չենք»,-պատասխանելով լրագրողների հարցին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ հարցադրմանը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պայմանավորվածությունն այնպիսին է, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:
«Նախագահը հրամանագիրը կստորագրի կտեսնենք»,- ասաց Փաշինյանը:
Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօ՞ր կլինի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»: