Հայկ Կոնջորյանի որոշումը շատ բացասական է ընկալվել, բայց որոշումը՝ որոշում է. Մարուքյան
«Հայկ Կոնջորյանի հայտարարության տեքստը մեզ ծանոթ չէր, բայց որ պետք է աներ հայտարարություն, անակնկալ չէր։ Դրա նախորդ օրը խորհրդում քննարկել ենք, նա ասել է, որ դուրս է գալու կուսակցությունից։ Ավելին, նա նաև ասել է, որ մոտ 5 ամիս նման մտորումներ ուներ և իր համար էլ անակնկալ չէր, որ պետք է նման որոշում կայացնի, ուղղակի չգիտեմ ինչո՞ւ ինտրիգը պահվել էր ու հիմա է հայտարարվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է։ Բնականաբար, կուսակցությունում դա միանշանակ չի ընկալվել։ Ավելին, կարող եմ ասել, շատ բացասական է ընկալվել, բայց որոշումը՝ որոշում է։ Մենք Հայկ Կոնջորյանին հաջողություն ենք մաղթում իր ապագա քաղաքական նախաձեռնություններում»,- նշեց նա։
Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ այլ անդամներ ևս կհեռանան ԼՀԿ-ից, պատգամավորը պատասխանեց, որ կուսակցությունը որևէ մեկին չի կարող ուժով պահել։
«Եթե մարդը չի տեսնում կուսակցության ապագան, չի տեսնում այն տեսլականը, որ տեսնում են մյուսները, ապա այդ մարդը կարող է դուրս գալ կուսակցությունից, ինչն էլ տեղի է ունեցել։ ԼՀԿ-ում դուռը չեն փակել և մարդկանց զոռով չեն պահել։ Կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, օպերատիվ աշխատանքների մեջ է։ Հետևաբար, մեզ համար դա ցավ է, անակնկալ է, բացասաբար ենք վերաբերում, բայց շարժվում ենք առաջ»,- նշեց Մարուքյանը՝ նկատելով, որ Կոնջորյանի՝ կուսակցությունը լքելով իրենց շարժման ուղղությունն ու արագությունը չեն փոխվելու։
Էդմոն Մարուքյանը միաժամանակ նկատեց, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցով մի քանի քաղաքական ուժերի հետ դեռևս քննարկումների մեջ են, վերջնական որոշում առայժմ չկա։ Թե որ ուժերի, Մարուքյանը չկոնկրետացրեց։
Հարակից հրապարակումներ`
- Ես ինքնաբավ մարդ եմ և թքած ունեմ ցանկացած պաշտոնի վրա. Հայկ Կոնջորյան
- Կոնջորյանի որոշումը ողջունել է Սիմոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին