Վրաստանի խորհրդարանում աջակցել են Հենզել Մկոյանին
Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից հետո Վրաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի շտաբը պահանջում է Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Jnews-ը գրում է, որ Գիորգի Վաշաձեի խոսքով, երբ նրանք ուսումնասիրել են միջադեպը, այլ հանցանքներ ևս բացահայտել են: Նրա պնդմամբ, իրավապահները համարժեք չեն արձագանքել տեղի ունեցածին։
Գիորգի Վաշաձեի խոսքերով, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-12-ի սահմաններում, երբ շտաբի ներկայացուցիչներն ընտրական խախտումների մասին արձանագրություններն էին բերում ներկայացնելու: Վաշաձեն նաև ասել է, որ պատգամավոր Հենզել Մկոյանն անձամբ մասնակցել է ծեծկռտուքին: Բացի այդ, ըստ նրա, զինված մարդիկ են եղել: Շտաբի ղեկավարը տեղեկացրել է, որ միավորված ընդդիմությունը նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության հատուկ քննչական խումբ է ստեղծում։ Ընդդիմությունը կոչ է անում փորձագետներին և փաստաբաններին ներգրավվել քննչական խմբի աշխատանքներում:
Ի պատասխան ընդդիմադիր թեկնածուի շտաբի, Հենզել Մկոյանը հայտարարում է, որ պատգամավորական մանդատը վայր դնելու հիմքեր չկան:
«Կասեմ, որ իրենք իրավունք չունեն: Ես հանցագործ չեմ, որ ինձ զրկեն իմ պատգմավորական մանդատից, որը միայն ես կարող եմ հանձնել կամ խորհրդարանական մեծամասնությունը: Այդ մասին խոսում է Վաշաձեն, իսկ նա խոսել շատ է սիրում: Թող խոսի, ես այստեղ լուրջ բան չեմ տեսնում: Իրենք ասում են, որ ես այդ կռվի մեջ եմ եղել, մարդ եմ ծեծել: Ես մարդ չեմ ծեծել և կռվին չեմ մասնակցել: Վաշաձեն պարզապես իմ վրա ցեխ է լցնում: Նա երեկ ինձ էր զանգել և սպառնում էր, բայց դա ինքը չի որոշում: Պատգամավորական մանդատից զրկում են, երբ որ դատախազությունում քրեական գործ է հարուցվում: Ես դատախազությունում ոչ մի գործ չունեմ, բացի լավությունից, ուրիշ բան չեմ արել ժողովրդին»,- Jnews-ի հետ զրույցում ասել է Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։
Ի աջակցություն պատգամավոր Հենզել Մկոյանի, նախօրեին խորհրդարանի լիագումար նիստում ելույթ է ունեցել «Վրացական երազանքը` տարածաշրջանների զարգացման համար» խմբակցությունը, ինչպես նաև մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն: Նա հայտարարել է, որ Ախալքալաքում Վաշաձեի կողմնակիցները հրահրել են բռնություն և լարվածություն են ստեղծել, երբ նրանք ցուցադրաբար պատռել են քարոզչական պաստառները և ենթադրաբար՝ ծանր վիրավորանքներ են հասցրել Սալոմե Զուրաբիշվիլիի կողմնակիցներին: Նրա խոսքերով, բռնությունն այն տեխնոլոգիան չէ, որի միջոցով ընտրություններին կարող են հասնել որևէ արդյունքի:
«Ես կոչ եմ անում քննչական մարմիններին համոզիչ կերպով հետաքննել այս փաստը և արձագանքել՝ սկզբունքորեն և պատշաճ կերպով»,-հայտարարել է Թալակվաձեն:
«Վրացական երազանքը` տարածաշրջանների զարգացման համար» խմբակցության հայտարարությունում նաև նշվում է, որ իրենց խմբակցության անդամ Հենզել Մկոյանը 20 տարվա քաղաքական փորձ ունի, 2016 թ-ին առաջին անգամ ընտրվել է որպես խորհրդարանում մունիցիպալիտետի ներկայացուցիչ, ինչը լավագույնս խոսում է նրա աշխատասիրության ր իր ժողովրդին նվիրվածության մասին:
«Մենք հայտարարում ենք, որ ոչ ոքի թույլ չենք տա ճնշել մեր խմբակցության անդամին՝ մեր զինակցին և համախոհին»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք, 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանք ստուգումներ են անցնում Թբիլիսիի Դիղոմի վնասվածքաբանության հիվանդանոցում: Ծեծի ենթարկվածները «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի աշխատակիցներ են, նշվում է, որ նրանց ծեծել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի կողմնակիցները և բարեկամները: Զանգվածային ծեծկռտուքի դեպքի առթիվ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով («հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն») հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացել են նախագահական ընտրություններ, սակայն թեկնածուներից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայն ընտրություններում հաղթելու համար։ Կայանալու է ընտրությունների երկու փուլ, որին մասնակցելու է անկախ թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և արտաքին գործերի նախկին նախարար, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր Հենզել Մկոյանը պատմել է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի մասին
- Նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մեկնել է Ախալքալաք
- Զանգվածային ծեծկռտուք՝ Ախալքալաքում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում