Շեքսպիրյան թատերական փառատոն. Արտասահմանյան ներկայացումների մուտքն ազատ է
Մեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 5-ը: Հայաստանի թատերական գործիչների միության հաղորդմամբ, այս տարի փառատոնը կհյուրընկալի 5 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Իտալիայից, Սանկտ Պետերբուրգից և այլ երկրներից:
Երևանյան 5 բեմահարթակներում կցուցադրվի 10 ներկայացում և 1 ներկայացում՝ Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, մուլտիմեդիային ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Բիտոլայի ազգային ակադեմիան թատրոնի՝ «Անտոնիո և Կլեոպատրա», «Օթելլո», ԱՄՆ-ի «Լիթ Մուն» թատերական ընկերության՝ «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ 3-րդ», Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումները: Երևանյան թատրոններից Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրում հանդես կգան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի պետական Կամերային թատրոնը և Ուսանողական թատրոնը:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:
Արտասահմանյան ներկայացումների մուտքն ազատ է, բացի Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումից:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Ըստ մեր քաղաքի կանոնադրության՝ Չափն ընդդեմ չափի» (Բեմ.՝ Կարո Բալյան) ներկայացումով:
Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անց է կացվել 2005թ-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: 2016թ-ից փառատոնի տնօրենը դերասան, բեմադրիչ Կարո Բալյանն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։