Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով Հայաստան էր բերում մարզաշխարհի ոսկե պարգևները. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Խոր վշտով տեղեկացա հայկական ծանրամարտի 20-րդ դարավերջի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին:
Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով անընդհատ ընդարձակում էր մարդկային ուժի վերաբերյալ մեր պատկերացումները և Հայաստան բերում մարզաշխարհի ոսկե պարգևները: Հիմա դժվար է հաշվել, թե նրա փառահեղ հաղթանակների շնորհիվ համաշխարհային մարզական հարթակներում քանի անգամ են հնչել Հայաստան ու Երևան բառերը և մեզ պարգևել բերկրանքի ու ազգային հպարտության պահեր:
Յուրի Վարդանյանը ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն հայ ծանրորդն էր, օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և Խորհրդային Միության բազմակի չեմպիոն, այլև հայ ժողովրդի հոգսերով ապրող հասարակական գործիչ, ով ընտրվեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, հետո շուրջ մեկ տասնամյակ բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցրեց Հայաստանի Հանրապետությունում:
Բոլորիս համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Վարդանյանի հարազատներին ու մերձավորներին, ողջ հայ մարզաշխարհին և կիսում նրանց անփարատելի վիշտը»։