Յուրի Վարդանյանի հաջողությունները բարձրացնում էին մեր ազգային ոգին և բնավորություն ու կամք կոփում. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին:
«Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին:
Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է հաղթահարել, որ անհնարինը կարելի է հնարավոր դարձնել:
Նրա հաջողությունները բարձրացնում էին մեր ազգային ոգին և բնավորություն ու կամք կոփում: Մենք կորցրեցինք մարզական լեգենդին, որի հետ իմ անձնական հանդիպումները հիշում եմ առանձնակի ջերմությամբ: Նա նաև հասարակական ու պետական կյանքի ակտիվ մասնակիցն էր և մշտապես Հայրենիքի հետ էր իր մտքերով ու ծրագրերով:
Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտն ու տխրությունը:
Յուրի Վարդանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում ու հոգիներում»,- ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է նախագահի ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Մեծ և անդառնալի է հայկական սպորտի կորուստը
- Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով Հայաստան էր բերում մարզաշխարհի ոսկե պարգևները. Արա Բաբլոյան
- Մահացել է Յուրի Վարդանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին