Ինքներս պետք է հետաքրքրություն առաջացնենք մեր տնտեսության նկատմամբ. Սերգեյ Բագրատյան
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մտահոգություն հայտնեց օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման հետ կապված։
«Մենք այլևս չպետք է սպասենք, որ ներդրողները գան մեզ մոտ, մենք ինքներս այնպիսի ներդրումային ծրագրեր պետք է ներկայացնենք, որ հետաքրքրություն առաջացնենք մեր երկրի ու տնտեսության նկատմամբ»,- նշեց պատգամավորը։
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ներկայումս Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության վեկտորը նախանշված է և գտնվում է քննարկման փուլում, թե այդ ուղղությունն ինչպես է պետք իրականացնել։
«Միջազգային փորձը պետք է ուսումնասիրել, բայց մեր ճանապարհը պետք է ունենանք՝ ավելի մրցունակ դառնալու համար»,- նշեց Ջանջուղազյանը։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե հարկային քաղաքականության մեջ ի՞նչ նոր գործիքակազմ է օգտագործվելու, ի՞նչ նոր ծրագրեր են դրվելու, որպեսզի հնարավորին մեղմվի աղքատության շեմը և մարզերը համաչափ զարգանան։
«Հարկային քաղաքականությունը, մեր գնահատականներով ամենալավ գործիքը չէ, որը պետք է կիրառվի տարածքային համաչափ զարգացման նպատակով։ Այսօրվա գործիքներից, որը կիրառվում է՝ սահմանամերձ համայնքներում որոշակի հարկման ռեժիմի առկայությունն է, որը գործող իրավակարգավորումներով արդեն իսկ նախատեսված է։ Բայց ընդհանրապես որևէ տարածքային առանձնահատկությամբ պայմանավորված, եթե մենք գնահատենք, որ հարկային համակարգը կկարողանա լուծել տարածքային համաչափ զարգացման խնդիրը, մենք դրա մեջ ռիսկ ենք տեսնում»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը։
Պատգամավորը հարցրեց նաև, թե մանր ու միջին բիզնեսը մարզերում ինչպե՞ս են զարգացնելու. «Եթե արտոնյալ պայմաններ չեք ստեղծում մանր ու միջին բիզնեսի համար, դրանք չեն զարգանա մարզերում, աշխատատեղեր չեն ստեղծվի, իսկ այս հարցերը չլուծելու դեպքում դատարկվող գյուղերը կշարունակվեն դատարկվել»։
Ջանջուղազյանը կիսեց Առաքելյանի մտահոգությունը, բայց նշեց. «Պետք է ընդունել, որ ուրբանիզացիան հայկական ֆենոմեն չէ, ամբողջ աշխարհում դա խնդիր է, մեր դեպքում միգուցե ավելի սուր է, իսկ որ հարկային քաղաքականությունն ամենալավ գործիքը չէ, դա չի նշանակում, որ այլընտրանք չկա։ Օրինակ՝ կան գյուղատնտեսական ծրագրեր, որոնք կոչված են, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծեն փոքր ու միջին բիզնեսի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հարկ վճարողը պետք է հավատա, որ ինքն այլընտրանք չունի, քան բոլոր հարկերը վճարելը. Ջանջուղազյան
- Ուզում ենք, որ պետությունն ընկալվի որպես բաժնետեր. Ջանջուղազյան
- Մենք խնդիր ունենք գոնե կարճաժամկետ հատվածում հնարավոր հետևանքների չեզոքացման. Ատոմ Ջանջուղազյան
- 2019-ին տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են. ԿԲ նախագահ
- Նախարարի պաշտոնակատար. Ծառայողական ավտոմեքենաների քանակը էապես կկրճատվի
- 2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան