Հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում առկա են աճի միտումներ
Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայեվի հետ:
Կառավարությունից հայտնում են, որ Միրզոյանը կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Երկուստեք գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում առկա են աճի միտումներ և տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման մեծ ներուժ:
Քննարկվել են ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնելու, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև ԼՂՀ կարգավորման խնդրին։ Նա մասնավորապես անընդունելի է համարել հարցի ընդգրկումը զանազան կազմակերպությունների օրակարգում, ինչպիսիք են օրինակ Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, և ընդգծել է, որ հարցի կագավորման միակ ընդունված հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն է։