Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը և Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրել։
Panorama.am-ը հետաքրքրվեց Վ. Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանից, թե ի՞նչ հիմքով է դատարանը բավարարել կալանավորման միջնորդությունը։
«Դեռ չենք ստացել որոշումը, սակայն հաշվի առնելով դատական պրոցեսի ընթացը, թե ինչ հիմքեր էր ներկայացրել քննիչը, ինչ առարկություններ էինք մենք ներկայացրել, գնահատում եմ, որ անհիմն որոշում է կայացրել»,- ասաց նա՝ հավելելով, որ դատարանի որոշումը պարտադիր բողոքարկելու են։
Նա նաև նշեց, որ այս գործը Վ.Հարությունյանը գնահատել է իր անձի նկատմամբ հետապնդում։
«Իրականում այն, ինչ նախորդել է այս գործով քննությանը, մինչև կալանքի միջնորդություն ներկայացնելը, և ինչ տեղի ունեցավ, ակնհայտ է, որ հետապնդում է։ Անձին որպես վկա հրավիրում են հարցաքննության հոկտեմբերի 30-ին ժամը 16։00-ին։ Անձն ինքնակամ զանգահարում ու հայտնում է, որ բուժման նպատակով գտնվում է արտասահմանում, հայտնում է իր հասցեն, սակայն այդ պարագայում արդեն իսկ նախօրոք կայացրած էին լինում որոշում որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Այսինքն փորձում էին խաբեությամբ Վահագն Հարությունյանին կամ բերել վարույթն իրականացնող մարմնի մոտ կամ ծանուցումը ձևական բնույթ էր կրում, որովհետև արդեն իսկ կայացված էր այդ բոլոր որոշումները, հենց նույն օրն էլ դատարան էին ներկայացրելն կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Հոկտեմբերի 31-ին Վահագն Հարությունյանը զանգում և զրուցում է վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցչի հետ, որևէ մեկը չի հայտնում, որ մեղադրյալ եք, պարտավորություններ ունենք, պետք է ներկայանաք որպեսզի մեղադրանք առաջադրվի, այն պարագայում, որ արդեն իսկ մեղադրյալ էլ։
Այս ամեն ինչում դիտավորություն եմ տեսնում, իրական նպատակը եղել է Վահագն Հարությունյանի նկատմամբ ամենախիստ խափանման միջոց ընտրելը, որպեսզի մարդուն դնեն երկընտրանքի առջև»,- մանրամասնեց Մ. Պողոսյանը։
Հիշեցնենք, որ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հարությունյանն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Վահագն Հարությունյանի ՀՀ-ից «անխափան» հեռանալու գործում ներդրում է ունեցել եղբայրը
- ՀՔԾ պետ. Փորձ է արվել կոտրել Մարտի 1-ի գործի ողնաշարը
- Մարտի 1-իգործով նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը ներգրավվել են որպես մեղադրյալներ
- Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
- «Ժողովուրդ». Որոշ ժամանակ անց Վահագն Հարությունյանը կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում