Հարկ վճարողը պետք է հավատա, որ ինքն այլընտրանք չունի, քան բոլոր հարկերը վճարելը. Ջանջուղազյան
«Շատ հետաքրքիր է, որ ոչ արտահանելի ճյուղերում շահութաբերության 8 տոկոսի աճ է նկատվել»,- ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ միաժամանակ հարց ուղղելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին, թե հատկապես որոնք են այդ ճյուղերը։
Նա նաև հետաքրքրվեց՝ շահութաբերությունը ո՞ր գործոնի հաշվին է աճել, ինչ միտումներ են եղել։
Ի պատասխան՝ գործադիրի ներկայացուցիչը նշեց, որ հիմնական աճը ծառայությունների և առևտրի ոլորտում է։
Միքայել Մելքումյանը հարցրեց Ատոմ Ջանջուղազյանին՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ անցնենք հարկերի թվաքանակի կրճատման։
«Մենք ունենք 17-18 հարկատեսակ, այնինչ հարևան երկրներում կա 5-6 հարկատեսակ»,- ասաց պատգամավորը։
Ջանուղազյանը հարցին հարցով պատասխանեց՝ նպատակադրումը ո՞րն է՝ ունենալ ընդհանուր հարկման մեկ համակարգ, թե տարատեսակ համակարգեր և խճճվել դրանց մեջ. «Սրա ճանապարհն առավելագույնս պարզեցումն է և յուրաքանչյուրի նկատմամբ վերաբերմունք ձևավորելը»։
Խորհրդարանականը գործադիրի ներկայացուցչից նաև հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանում կրճատվե՞լ է ստվերային տնտեսությունը և եթե այո, որքան է կրճատվել։
«Եթե մենք պաշտոնապես ունենանք դրա չափը և կարողանանք գնահատել, տեղն իմանանք, ինքը կդադարի ստվեր լինել։ Ժամանակ է պետք, որ հարկ վճարողը հավատա, որ ինքն այլընտրանք չունի, քան բոլոր հարկերը վճարելը։ Սա միանգամից չի կարող տեղի ունենալ»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը։
Միքայել Մելքումյանն վերջինին հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո սուպերմարկետներում տավարի մսի գինը կտրուկ աճեց։ Նա հետաքրքրվեց՝ արդյոք ամբողջ բեռը չընկա՞վ սպառողի վրա։
«Ամբողջը փաստաթղթավորվեց, եկավ հարկային դաշտ, բայց այդ բեռը եկավ-ընկավ բնակչի վրա»,- ասաց Մելքումյանը։
Ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ փոփոխությունն անխուսափելի էր, տրամաբանական է նաև այն, որ փոփոխությունները հանգեցրել են գների աճի։
Հարակից հրապարակումներ`
- Ուզում ենք, որ պետությունն ընկալվի որպես բաժնետեր. Ջանջուղազյան
- Մենք խնդիր ունենք գոնե կարճաժամկետ հատվածում հնարավոր հետևանքների չեզոքացման. Ատոմ Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան