Աբովյան 5-ի հետքերով. «Ցուցաբերել են խայտառակ կողմնակալություն»
Մի զավեշտալի իրավիճակ է ստեղծվել Աբովյան 5 հասցեում կատարվող շինարարության հետ կապված։ Նման գնահատական է հնչեցրել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանը տարածեց հաղորդագրություն այդ հասցեում գտնվող կառույցի շինարարության կասեցման մասին։
Մինչ այդ ավագանու «Լույս» խմբակցությունից Անի Սամսոնյանը ահազանգել էր. ««Մուլտի Գրուպ կոնցեռն» ընկերությունը կրկին սկսել է ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնել Աբովյան 5 հասցեում։ Եթե հիշում եք այն կասեցրեցինք դեռևս հուլիս ամսին։ Հիմա որոշել են օգտվել քաղաքապետարանում խառը իրավիճակից և վերսկսել»։
Ավագանու ԲՀԿ-ական անդամն այս ամենը որակել է քաղաքական նպատակներով արված խայտառակ կողմնակալություն։
««Իմ քայլը» և «Լույս դաշինքի» ավագանու անդամները հրճվանքով, ծափահարություններով և այլ անկաշկանդ ուրախության դրսևորումներով տարածում են մի տեղեկություն, թե իրենց հաջողվել է կասեցնել ապօրինի շինարարություն։
Մենք ևս ստացել ենք նույն ահազանգը և ուսումնասիրելով իրավիճակը, ցավով պետք է փաստեմ, որ մեր գործընկերները խառնվել են երկրի տնտեսվարող սուբյեկտների վեճի մեջ և փաստորեն ինչ-ինչ պատճառներով (ենթադրում եմ քաղաքական), ցուցաբերել են խայտառակ կողմնակալություն։
Բացատրեմ...
Առաջինը՝ խնդիրը նրանում է, որ հարակից տարածքում շինության սեփականատերը, նպատակ ունենալով վաճառել իր սեփականությունը նշված հասցեում շինարարություն իրականացնող ընկերությանը, փաստացի շանտաժի է ենթարկել (դիմել է ոստիկանություն, դիմել է դատարան, և այլն և այլն) նրանց , որպեսզի թանկ գնով վաճառի իրեն պատկանող տարածքը։
Երկրորդ՝ տեղեկացնեմ նաև , որ բոլոր վարչական և քրեական գործերը, որոնք հարուցվել էին այդ շինարարության շուրջ, կասեցվել էին, քանզի հիմքեր չէին հայտնաբերվել։
Այժմ, գործը այդ շանտաժիստ «հարևանի» ջանքերով շարունակում է պտտվել դատական տարբեր ատյաններում։
Սա է իրողությունը։ Փաստորեն, այսօր դուք բարձրացրեցիք մի շանտաժիստի շինության կապիտալիզացիայի գինը»,-մասնավորապես գրել է Աբովյանը։