ՍԴ բյուջեն վերջին 15 տարիների ընթացքում մոտավորապես նույնն է մնացել. Վլադիմիր Վարդանյան
«Սահմանադրական դատարանին 2019 թվականի բյուջեի նախագծով հատկացվել է 704 միլիոն դրամի կարգի գումար։ ՍԴ բյուջեն վերջին 15 տարիների ընթացքում մոտավորապես նույնն է մնացել՝ 578 միլիոն դրամի շրջանակներում։ Գումարային վերջին ավելացումը պայմանավորված է նրանով, որ ընդհանուր որոշում է կայացվել 116 միլիոն դրամի շրջանակներում նախատեսել գումարներ՝ պարգևատրման, դրամական խրախուսման և այլ վճարումների համար»,-ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։
Նա տեղեկացրեց, որ ՍԴ աշխատակազմում հաստիքների փոփոխություն տեղի չի ունեցել, հաստիքների քանակը մնացել են նույնը՝ թվով 114-ը։
«Նախագծում նախատեսված է որոշ ծախսերի նվազեցում։ Մասնավորապես, նվազեցումներ են իրականացվել էներգետիկ, կապի, ապահովագրության, տեղեկատվական, տրանսպորտային ծառայությունների ոլորտներում։ Իհարկե, չենք խուսափել նաև որոշակի ավելացումներից։ Մասնավորապես, գումարներ ավելացել են համակարգչային ծառայությունների ձեռքբերան համար։ Մեքենաների և սարքավորումների ընթացիկ վերանորոգման և պահպանման համար ևս ծախսեր ենք ավելացրել, ավելացրել ենք կենցաղաղային նյութերի, ինչպես նաև վարչական սարքավորումների հետ կապված ծախսերը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
ՍԴ աշխատակազմի ղեկավարը ենթադրեց, որ հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումներից հետո նոր նորատիվ իրավական ակտերի զգալի խումբը, որը կարող է վիճարկման առարկա դառնալ, Սահմանադրական դատարանը 2019 թվականին բավականին ծանրաբեռնված է աշխատելու։
Վլադիրմիր Վարդանյանը նաև հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը շենքային պայմանների հետ կապված խնդիրներ ունի։
«Շենքը կառուցվել է 1970-ականների կեսերին, երբեք չի հիմնանորոգվել, մենք այսօր առնվազն ունենք լուսամուտների փոփոխության խնդիր։ Սա ձմռանը մեծացնում է էներգետիկ ծախսերը։ Հույս ունենք ստանալ այն 13 միլիոն դրամը, որն անհրաժեշտ է լուսամուտները փոխելու համար։ Մյուս խնդիրը սարքավորուների ձեռքբերումն է, խնդիրներ ունենք ավտոպարկի հետ կապված։ Անցած տարվա համեմատ՝ մենք 4-ով նվազեցրել ենք ավտոմեքենաների քանակը, սակայն մնացած մեքենաները 10 տուրուց հին են»,- ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը կրճատել է 2019-ին իրականացվելիք ծրագրերի թիվը
- Նախատեսում ենք մեքենաների օտարում, գումարները կուղղվեն բյուջե. Էմիլ Տարասյան
- Պատգամավորների և աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները կբարելավվեն. Արա Սաղաթելյան