ԱԺ նախագահ. Հայաստանի առջև կանգնած առաջնային խնդիրը մարդկային ներուժի զարգացումն է
«Հայ ժողովուրդը հատուկ հարգանք ունի գիտելիքների, ուսման և այն ամենի նկատմամբ, ինչը նպաստում է դրանց կուտակմանը և տարածմանը»,- ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը։
Նշենք, որ առաջնությանը մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 26 երկրից: Առաջնությունը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ։
«Ինչպես գիտեք, Հայաստանում ինտելեկտուալ շարժումն ունի խոր արմատներ: Պատճառը, թերևս, այն է, որ իր ողջ պատմության ընթացքում արժեքներից, որոնք հաջողվել է պահպանել և անցկացնել դարերի միջով, եղել են գիտելիքը, հոգևոր և մշակութային ժառանգությունը: Եվ այսօր Հայաստանի առջև կանգնած առաջնային խնդիրը՝ մարդկային ներուժի զարգացումն է, որը մեր երկրի մրցունակային առավելությունն է»,-նշել է ԱԺ նախագահը։
Բաբլոյանը նշել է, որ այսօր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը շատ տարածված է Հայաստանի երիտասարդ մտավորականության շրջանում:
«Հայ գիտակները մեծ հաջողության են հասնում ոչ միայն երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Այս տարի, նրանցից մեկը` Հայկ Ղազազյանը, ով խաղացել էր Ելենա Պոտանինայի թիմում, ճանաչվել է գարնանային խաղաշրջանի լավագույն խաղացող: Խաղը հայտնի է նաև քաղաքական գործիչների շրջանում: Ինչպես արդեն գիտեք, մի քանի տարի առաջ ստեղծվեց պատգամավորների թիմը»,-ասել է խորհրդարանի խոսնակը։
Նա հույս է հայտնել, որ առաջնության մասնակիցներն իրենց հետո շատ դրական հույզեր, վառ տպավորություններ կտանեն ու անպայման կցանկանանվերադառնալ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ազգային ժողովի նախագահի անունից հաղթող թիմին կտրվի «Էջմիածնի գանձեր» եռալեզու գիրքը:
Իր խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջնության համանախագահ Արմեն Աշոտյանը երախտագիտություն է հայտնել ինտելեկտուալ խաղի միջազգային ասոցիացիային աշխարհի առաջնությունն արդեն երկրորդ անգամ Հայաստանում անցկացնելու համար: Նրա խոսքով՝ սա մի յուրահատուկ նվեր է մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը