Մեր քաղաքական իշխանությունները Սահմանադրությանը վերաբերվում են որպես օգտագործման ուղեցույց. Մելիքյան
«Կարևոր հարց է։ Առաջին հայացքից՝ լավ, տեխնիկական հարց է, այսպես թե այնպես կմեկնաբանեն, բայց սա էլ է հենց մարդու իրավունքների հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի ընտրելու պրոցեսի հետ կապված դուք որոշակի վտանգներ էինք մատնանշել՝ կապված օրենքի տեխնիկական կողմին անընդհատ հղում անելու առումով, ի՞նչ մտավախություններ ունենք, ի՞նչ հետևանքներ կունենա։
Նա նշեց, որ, խոսելով ընդհանրապես մարդու իրավունքների մասին, պետք է հասկանալ, որ առաջին հերթին մարդու իրավունքները մտածողություն է, մշակույթ։
«Իմ մտավախությունն այն էր, որ մեր քաղաքական իշխանությունները իրավունքին և իրավունքի ամենակարևոր աղբյուրին՝ Սահմանադրությանը, պայմանական ասած վերաբերվում են որպես օգտագործման ուղեցույց։ Սահմանադրությունը խորքային բովանդակություն ունեցող փաստաթուղթ է, և եթե այս հարցում քաղաքական իշխանությունները երկու անգամ անընդմեջ գնացին տեխնիկական մեկնաբանման ճանապարհով, մտավախություն է առաջացնում, որ այլ, իմ պատկերացմամբ, ավելի կարևոր մարդու իրավունքների վերաբերյալ հարցերում իշխանությունները կարող են նույն մեթոդաբանությամբ սկսեն մեկնաբանել մեր Սահմանադրությունը, օրենքները»,- ասաց Ռ. Մելիքյանը։
Նա նշեց, որ Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ, միջազգային իրավապաշտպան համակարգի մաս է, բայց եթե նույն բանն ասում են տեղական ու միջազգային փորձագետները, մի փոքր ավելի ծանրակշիռ է լինում միջազգային փորձագետի ասածը, էլ ասած՝ Եվրոպական դատարան, տարբեր կառույցների զեկույցներ։
«Այլ երաշխիքների համակարգը կա, բայց ինչու ենք մենք ապավինում միջազգայինին, ինչու դիալոգ չենք ստեղծում մեր հասարակության մեջ, որ եկեք իրավունքը համարժեք մեկնաբանենք ու կիրառենք։ Սա ոչ թե ինքնին խնդիր էր մարդու իրավունքների տեսանկյունից, այլ սիմպտոմ էր, որը կարող է վկայել հետագայում նման խնդիրների առաջացման մասին»,- նշեց նա։
Ռ. Մելիքյանն ընդգծեց, որ իրավունքին պետք է վերաբերվել որպես խորքային երևույթ։
«Մտավախությունս նաև այն էր, որ մեր հասարակությունը կարող է սխալ ուղերձ ստանալ քաղաքական իշխանությունից, որը նորմալ է համարում ֆիկտիվ գործողությունների կատարումը։ Մեր իրականության մեջ ֆիկտիվ գործողությունները շատ են՝ սկսած քաղաքացիաիրավական գործարքներից»,- նշեց Ռ. Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու Հայաստանում չկա պոլիտ տնտեսում
- Ռուբեն Մելիքյան. Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը