Տաթև Եպիսկոպոս. Հակառակ բազում խոչընդոտների Եկեղեցին շենանում է
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օծման ու գահակալության 19-րդ տարեդարձը: Այս առիթով աշխարհասփյուռ հայոց եկեղեցիներում կատարվել է Հայրապետական մաղթանք:
Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցվել է ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:
Պատարագի սրբազան արարողության ընթացքում տրված իր քարոզում Տաթև եպիսկոպոսը մասնավոր անդրադարձ է կատարել Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 19-րդ տարեդարձին:
«Անցնող 19 տարիները Հայ Եկեղեցու համար եղան զորացման, բարեկարգման, եկեղեցաշինության տարիներ՝ առավել ճանաչելի դարձնելով Հայ Եկեղեցին միջազգային և համաշխարհային հասարակությունների և կրոնական ու աշխարհիկ կառույցների առջև: Անցնող 19 տարիները եղան ոչ միայն տեսանելի, քարակերտ եկեղեցաշինության տարիներ, որ շատ հաճախ շեշտվում է և երբեմն էլ շահարկվում, այլև անտեսանելի՝ մարդկային հոգում և մտքում հոգևոր տաճարների շինության տարիներ, անձնվեր ծառայության ու նվիրումի տարիներ՝ որպես օրինակ և ներշնչումի աղբյուր հանդիսանալով Հայ Եկեղեցու հոգևոր դասի և մեր հավատավոր զավակների համար՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով, ինչպես ասում է Պողոս առաքյալը», - մասնավորապես ասել է Սրբազան Հայրը:
Տաթև եպիսկոպոսը նաև խոսել է Եկեղեցու, հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների և հարձակումների մասին, որոնցով փորձ է արվում տարատեսակ կեղծիքի տարածմամբ պառակտում առաջացնել հայ ժողովրդի մեջ, խարխլել և սասանել Հայ Եկեղեցու հիմքերը:
«Այսօր էլ, ինչպես 1700 տարիների ընթացքում, փորձ է արվում պայքարելու Քրիստոսահաստատ, դարերի բովով և բազում փորձությունների միջով անցած, թրծված, հայ ժողովրդին հայրաբար իր թևերի տակ առած և սնած, բազմիցս վիրավորված, բայց կրկին վերածնված և զարթոնք ապրած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և իր ազգընտիր գահակալի դեմ: Այո՛, իրապես զարթոնք ապրած, զարթոնք, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի ու անվիճելի է և հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Հայոց Եկեղեցու գահին բազմած է 132-րդ Հովվապետը», -ասել է պատարագիչ Սրբազանը` փաստելով, որ հակառակ բազում խոչընդոտների ու դժվարությունների Աստծո կամքով Եկեղեցին զորանում ու շենանում է նոր և կրթյալ սպասավորներով, նորոգվող և կառուցվող սրբավայրերով, նոր սերնդի մեջ ազգային արժեքների սերմանմամբ, հավատքի աճով ու նվիրումով:
Արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ և տարբեր թեմերից հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ:
Տոնական այս օրը Հայոց Հովվապետին այցելել են նաև մշակույթի տարբեր գործիչներ: