Նախարարությունն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը
Չնայած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը խոստացել էր պատասխանել «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի ֆինանսավորման, իր ընկերության հետ կապի վերաբերյալ հարցին, դրա փոխարեն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Panorama.am-ի հրապարակման կապակցությամբ տարածել է պարզաբանում, որտեղ մասնավորապես ասված է.
««Ինժեներական քաղաքը» Համաշխարհային բանկի հետ իրականացվող վարկային ծրագրի միայն մի մասն է։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Պետական միջոցներով նախատեսվում է կառուցել ենթակառուցվածքների մի մասը` կրթական, հետազոտական և ադմինիստրատիվ տարածքները։ Մյուս շենքերը՝ մոտ 20 ընկերությունների մասնաշենքերը, կառուցվելու են մասնավորի միջոցներով, լինելու են ներդրումներ, ստեղծվելու են 2000-ից ավելի աշխատատեղեր, ինչն էլ բիզնես շահավետության տեսանկյունից լիովին արդարացնում է պետության կողմից ֆինանսական իր բաժին բեռի ստանձնումը։
Ուստի տարիներ շարունակ քննարկվող այս ծրագիրը՝ որպես նախարարի անձնական բիզես շահ ներկայացնելու փորձերն առնվազն անհեռատեսության ու անտեղյակության նշան են։
Նշենք նաև, որ լրատվամիջոցներում մեջբերվող «Արաքսիս ինժեներինգ» ընկերությունը որպես շահառու ներկայացնելու փորձերը ևս բացարձակ անհիմն են, որովհետև ընկերությունը «Ինժեներական քաղաք» նախագծի հետ որևէ կապ չունի, և այս տարվա մայիսի 22-ից «Արաքսիս Ինժեներինգը» դադարեցրել է գործունեությունը։
Եվ վերջում կրկին վերահաստատում ենք, որ «Ինժեներական քաղաքը» բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է։ Դրա իրագործման դեպքում Հայաստանը հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, որն աշխարհին կառաջարկի հազվագյուտ լուծումների և բարձրորակ արտադրանք:
«Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40%-ով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30%-ով արտահանման ծավալների աճ:
Այսպիսով, կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ օգտատերերի կողմից հորինված զրպարտությունները տարածելուց՝ դրանով իսկ ապահովագրվելով իրենց ընթերցողներին մոլորության մեջ գցելու անթույլատրելի աշխատելաոճից»։
Նման «պատասխանների» «կուլտուրան» ենթադրում է բաց նամակների հոսք: Ու ինչ անհեռատեսության կամ անտեղյակության մասին է խոսքը, եթե ձեզ ՀԱՐՑ է տրվել, որին դուք, ի դեպ, չեք պատասխանել:
Կոչ ենք անում նախարարություններին հարցերին պատասխանելիս զերծ մնալ անբացատրելի վիրավորական կեցվածքից ու վիրավորական արտահայտություններից:
Եթե նախարարությունները վատ գիտեն իրենց գործառույթները, ապա մենք մերը լավ ենք հիշում՝ բարձրացնել հանրային նշանակության հարցեր ու ստանալ դրանց պատասխանները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան