Ստեփանակերտում Բակո Սահակյանը հանդիպել է Փաշինյանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարևորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի և Հայաստանի փոխգործակցության խորացումը:
Աղբյուրը հայտնում է, որ Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: