Խորհրդարան կանցնեն ՔՊ-ն, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն. Կարեն Քոչարյան
«Առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ առնվազն երեք կուսակցությունների համար մեծ խնդիր չեն լինելու ոչ հին Ընտրական օրենսգիրքը, ոչ էլ նախընտրական քարոզարշավի փոքր ժամանակահատվածը։ Այդ ուժերը «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը» և ՀՀԿ-ն են»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, ՀՀԿ-ն քսան տարի իշխանության է եղել, նա իր համար սոցիալական լուրջ բազա է ստեղծել. «Մեծ թիվ չի լինելու, բայց ձայները բավարարելու են անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Խորհրդարանում ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ, լինելու է ԱԺ ընդդիմությունը։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա դժվար թե կոալիցիա կազմի, նա ևս ոչ իշխանական ուժ է լինելու»։
Բանախոսը շեշտեց, որ մինչև երեկ կարծում էր՝ առաջիկա ընտրությունների ժամանակ խնդիր չի ունենա նաև «Լույս» դաշինքը. «Բայց պարզվեց, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն ընդհանուր հայտարարի չեն եկել, ինչը նրանց երկուսի համար էլ մեծ պրոբլեմներ կստեղծի»։
Ինչ վերաբերում է նախկին մարդ-կուսակցություններին, որոնք, Կարեն Քոչարյանի խոսքով, այսօր խրոխտ հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին, այդքանով էլ կբավարարվեն, նրանց մասնակցությունը կավարտվի զուտ հայտարարություններով։ Մասնավորապես, փոքր են բոլորովին նոր ստեղծված կուսակցությունների հնարավորությունները, նրանց համար, ըստ բանախոսի, շատ դժվար է լինելու։
Կարեն Քոչարյանը չբացառեց, որ նորահայտ կուսակցությունների որոշները փայլուն քարոզարշավ անցկացնեն, սակայն քիչ հավանական է, որ լուրջ արդյունքների կհասնեն՝ փոխարենը կհիշվեն արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ։
Հարցին՝ գալիք ընտրություններին ինչ շանսեր ունեն «Սասնա ծռերը», քաղտեխնոլոգը շեշտեց, որ վերջիններս այնքան ծայրահեղ ուժ են, որ կասկածելի է՝ հասարակության ո՞ր հատվածը նրանց հետևից կգնա։
Լրագրողները Կարեն Քոչարյանից հետաքրքրվեցին՝ նախկին ՀՀԿ-ականների՝ «Քաղաքացիական պայմանագիր» անցնելն ի վերջո չի՞ հանգեցնի այդ ուժի ՀՀԿ-ականացման, Քոչարյանը պատասխանեց՝ մեկ-երկու դեպքերը մտահոգիչ չեն, բայց եթե երևույթը զանգվածային բնույթ կրի, ՔՊ-ն անպայման կհանրապետականանա։
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որն օրեր առաջ լքել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և հայտարարել ՔՊ-ին անդամակցելու մասին, ապա նրա քայլը, ըստ քաղտեխնոլոգի, անհասկանալի է՝ կարիերիզմի վառ օրինակ։
«Այո, ՔՊ-ում կադրերի պակաս կա, և մարդկանց պետք է հրավիրել, բայց պետք չէ ՀՀԿ-ի նման զոռով մարդկանց կուսակցականացնել»,- նշեց բանախոսը։
Քաղտեխնոլոգը չբացառեց, որ ինչ-որ պահի գաղափարական շատ անդամներ լքեն ՔՊ-ն։ Քաղաքական դաշտն, ըստ Քոչարյանի, այս ընտրություններից հետո կմաքրվի, մենք կունենանք լեգիտիմ և քաղաքական Ազգային ժողով։
Ասուլիսի ավարտին Կարեն Քոչարյանն անդրադարձավ նաև «Կոմերսանտի» երեկվա հրապարակմանը, որտեղ հեղինակը չէր բացառել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է նշանակվել Բելառուսի ներկայացուցիչը։
«Չեմ կարծում, որ Հայաստանի համար դիվանագիտական ձախողումն այս պահին է տեղի ունենում, դիվանագիտական ձախողումը տեղի է ունեցել այն պահին, երբ որոշում կայացվեց Խաչատուրովին կալանավորել և քրեական գործ հարուցել»,-ամփոփեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չի կարողանա պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը
- «Լուսավոր Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին
- Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ ունի. Զոհրաբ Մնացականյան
- Նախկին կուսակիցը՝ Կոնջորյանին. Սխալվում ես, եղբայր
- Հայկ Կոնջորյանի որոշումը շատ բացասական է ընկալվել, բայց որոշումը՝ որոշում է. Մարուքյան
- Ես ինքնաբավ մարդ եմ և թքած ունեմ ցանկացած պաշտոնի վրա. Հայկ Կոնջորյան
- Կոնջորյանի որոշումը ողջունել է Սիմոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին