Ռուբեն Բաբայանն առաջարկում է Ամիրյան փողոցը վերանվանել Շառլ Ազնավուրի անունով
«Մշակույթի բնագավառում խնդիրներ կան, որոնց լուծումները ես դեռ չեմ տեսնում։ Այդ խնդիրները համակարգային են։ Երբ խոսում ենք մշակույթի ֆինանսավորման մասին, ապա ակնհայտ է, որ միշտ կլինեն դժգոհ մարդիկ, միշտ կգտնվեն արվեստագետներ, ովքեր կբողոքեն անարդարությունից»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
«Մշակութային քաղաքականությունը պետք է մշակի կառավարությունը, ոչ թե միայն մշակույթի նախարարությունը։ Մշակույթը միակ ձևն է, որով մարդը կարող է ճանաչել իրեն և տիեզերքը։ ԱՄՆ-ի գրադարանների ութսուն տոկոսը ֆինանսավորվում է ՊՆ-ի կողմից, այսինքն՝ գրականությունն այդ երկրում համարում են անվտանգության կարևորագույն բաղադրիչ»,- շեշտեց բանախոսը։
Ռուբեն Բաբայանը նաև շեշտեց՝ պարտադիր չէ, որ արվեստի գործը խոսի մարդու հետ, բայց դրանից ստեղծագործության որակը չի տուժում. «Ես Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն» մինչև վերջ ընթերցել չեմ կարողացել, բայց դրանից այդ գործի նշանակությունը չի նվազել։ Ես սիրահարված եմ Պիկասոյին, բայց տանել չեմ կարողանում Դալիին»։
Ռուբեն Բաբայանը համոզմունք հայտնեց՝ նախկին կառավարությունն ամեն բան կապիտալիզացրեց, միայն թե հնարավոր բոլոր աղբյուրներից փող ստանա։ «Եկավ նոր կառավարությունն ու ասաց, որ հրաժարվում է կապիտալիզացիայից։ Սակայն կրճատված գումարները չվերադարձվեցին։ Հիմա էլ ասում են ստեղծագործեք, բայց փող չենք տա։ Նույն բանն է ստացվում»։
Անդրադառնալով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու խոսակցություններին՝ բանախոսը նշեց՝ օդանավակայանի վերանվանման հարցն ուղղակի անհեթեթ է։
«Ես միանշանակ կողմ եմ, որ օդանավակայանի անունը չփոխվի, քանի որ Զվարթնոցն էքսկլյուզիվ է, բրենդ է։ Բայց ես առաջարկություն ունեմ Շառլ Ազնավուրի անունով անվանակոչել մայրաքաղաքի Ամիրյան փողոցը։ Այն խաչվում է Տերյան փողոցի, Մաշտոցի պողոտայի հետ, թեքվում-հասնում մինչև Սարյանի տուն-թանգարան։ Սա իսկական տիտանների ծաղկաբույլ կլինի։ Կարելի է նաև բացել մարդասիրության թանգարան՝ Շառլ Ազնավուրի անվամբ, քանի որ հենց նրա նախաձեռնությամբ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամբողջ աշխարհը օգնության ձեռք մեկնեց Հայաստանին»,- ամփոփեց Ռուբեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական բանտերում 6 ամսականը չլրացած երեխաներ կան
- «Զվարթնոց անունը փոխելը սրբապղծություն է»
- «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով կլինի հանրային քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան