Երևանյան իրավապաշտպան համայնքը մեծ մասամբ Արցախում ոչինչ չի անում. Արցախի նախկին օմբուդսմեն
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն այժմ կենտրոնացած է Հայաստանում գործունեության վրա, նա իրավապաշտպանական կառույց է հիմնադրում։ Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ այս պահի դրությամբ տեսնում է, որ Երևանում աշխատանք կա անելու։
«Իմ պատկերացմամբ, ներկայումս Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նոր մարդկանց, ինստիտուտների կարիք ունի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քաղաքական այս փոփոխությունների արդյունքում, ովքեր նախկինում գտնվում էին քաղաքացիական հասարակության դաշտում, բնականորեն տեղափոխվել են պետական աշխատանքի, հասարակական վերահսկողության ինտենսիվությունն էապես նվազեց, իսկ ցանկացած իշխանություն կարիք ունի հասարակական վերահսկողության։
Ես իմ գործունեությունը տեսնում եմ այս ոլորտում, հիմնադրում եմ իրավապաշտպանական կառույց։ Կարծում եմ՝ որոշակի ժամանակ կտևի, փորձում ենք ռազմավարական բնույթի տեսլական ունենալ, որը նաև պայմանավորված է մեր քաղհասարակության իրավապաշտպան հատվածի կառուցվաքծով»,- ասաց նա։
Ռ.Մելիքյանի խոսքով, այսօր Հայաստանի իրավապաշտպանական դաշտը մեծ մասամբ Արցախում գործունեություն չի ծավալում, հատուկենտ ծրագրեր են իրականացնում՝ պայմանավորված խաղաղասիրական գործունեության հետ։
«Անգամ այս ոլորտն այսօր մեծ ճգնաժամի մեջ է, որովհետև իրավապաշտպան գործունեության հիմնական դոնորներն այն կառույցներ են, որոնք, մեղմ աած, այլ մոտեցում ունեն Արցախի հարցի շուրջ, քան մեր ազգային մոտեցումներն են։ Տարիների ընթացքում մեր իրավապաշտպան ոլորտը այս հարցը թողել է բաց։ Երևանյան իրավապաշտպան համայնքը մեծ մասամբ Արցախում ոչինչ չի անում։ Բացառություններ կան։ Մենք նաև կարիք ունենք ներգրավելով ազգային կառույցներին իրավապաշտպանական դաշտ՝ ապահովել Արցախի համար իրավապաշտպանական գործունեություն»։
Ներկայացնելով նոր կառույցի ռազմավարությունը՝ Ռ. Մելիքյանն ասաց. «Օրակարգի համարժեք փոփոխություն, որպեսզի մեր իրավապաշտպանական գործունեության օրակարգը համարժեք լինի մեր պահանջմունքներին, իրավապաշտպանական դաշտի այսօրվա ոչ արդյունավետ վիճակի փոփոխություն, որպեսզի այն վերստին դառնա արդյունավետ, ինչպես արդյունավետ էր մինչև ապրիլյան, մայիսյան դեպքերը, մեր համազգային խնդիրներին ծառայեցում, մասնավորապես արցախյան հանրությանը ևս շահառու դարձնել մարդու իրավունքների այն վիճակին, որն առկա է Երևանում։ Որպես ստրատեգիական նպատակ՝ մեծացնելու և խորացնելու մեր հայրենիքի երկու պետությունների ինտեգրման մակարդակը»։
Նա նշեց, որ փորձելու է այդ կառույցը Հայաստանի և Արցախի միջև դարձնել կապող օղակ՝ ներառելով իրենց գործունեության մեջ նաև Արցախը. «Ես ինքս փորձելու եմ Երևանում հնչեցնել արցախյան քաղաքացիական հասարակության մոտեցումները»։
Ռ. Մելիքյանի կարծիքով, իրավապաշտպան գործունեությունն ուղղակիորեն չպետք է կապել հակամարտության հետ, տարբեր երևույթներ են, միաժամանակ նշեց, որ պետք է ավելի շատ հակամարտությունը ներկայացնել որպես մարդու իրավունքների խնդիր։
Հարցին, թե արդյոք ավելի արդյունավետ չէր լինի մնալ Արցախում մարդու իրավունքների պաշտպանն ասաց. «Հաշվի եմ առել տարբեր բաներ։ Ես իմ գործառույթն, առաջին հերթին նաև իմ խղճի առջև, կատարած համարեցի, երբ ավարտեցի ապրիլյան դեպքերով մեր փաստահավաք առաքելությունը։ Կան Արցախում մարդիկ, ովքեր կարող են այդ դրոշը վերցնել, ոչ միայն պահել այդ ուղենիշը, այլև բարձրացնել։ Վստահ եմ, որ Արտակ Բեգլարյանը շատ լավ կիրականացնի այս գործառույթը, նա շատ ավելի լավ է ասոցացվում Արցախի հետ, քան ես»։
Հիշեցնենք, որ Ռուբեն Մելիքյանը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան էր նշանակվել 2016-ի մայիսին։ Նա հրաժարական է տվել այս տարվա հոկտեմբերի վերջին։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան
- Ռուբեն Մելիքյան. Լիակատար աջակցությունս եմ հայտնում Արտակ Բեգլարյանի թեկնածությանը
- «Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին
- Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի լիազորությունները
- Միջազգային ասպարեզում մեծ ընդգրկվածությունը նաև Ռուբեն Մելիքյանի շնորհիվ էր. Արման Թաթոյան
- Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել Արցախի օմբուդսմանի պաշտոնից