Ուսուցիչների աշխատավարձի բարձրացում այս պահին չի նախատեսվում
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ուսուցիչների, դասախոսների, դաստիարակների աշխատավարձների բարձրացում կլինի՞, թե՞ ոչ։
«Վարչապետը վերջին ելույթում նշեց, որ եկամտահարկի նվազեցման հետ կապված աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների ու գիտնականների գծով այս պահին չունենք»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ կառուցվածքային օպտիմալացումների ճանապարհին կկարողանան բարձրացում ապահովել։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը, ուսուցիչների հեղինակությունը բարձրացնելու համար և արդյո՞ք ավագ դպրոցների ընդհանուր հայեցակարգի հետ կապված մշակումներ անհրաժեշտ չեն այդ դպրոցների բովանդակությունը հասցնելու համար այն չափանիշին, որը սահմանված էր։
«Ուսուցիչների հեղինակության բարձրացման համար մի շարք ծրագրեր կան, իսկ դրանց համար նախատեսված գումարների արդյունավետ ծախսման դեպքում արդյունքներ կարելի է արձանագրել։ Տասը տարի առաջ ներդնելով ավագ դպրոցը՝ ձևը հաղորդեցինք, բովանդակությունը՝ ոչ։ Սա է պատճառը, որ ամեն երկրորդ հարցը, որ ինձ տալիս են աշակերտների ծնողները, հետևյալն է՝ ե՞րբ ենք անցնելու տասնամյա կրթությանը։ Իդեալական կլինի, եթե մի քանի տարի հետո հասնենք նրան, որ աշակերտը ավագ դպրոցի գնահատականներով ընդունվի բուհ և դրանով մենք կվերացնենք կրկնուսույցներից կախվածությունը կամ անգիրի ինստիտուտը։ Այս ուղղությամբ նոր չափորոշիչներ է պետք մշակել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։