Հուշարձանների պահպանության ոլորտին հատկացվող գումարի փոփոխություն չկա. Մակունց
«2019 թվականի պետբյուջեի նախագծով 15 մլրդ դրամից մի փոքր ավելին է հատկացվելու մշակույթի նախարարությանը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի քննարկմանն ասաց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ կինեմատոգրաֆիայի ծրագիրը մի փոքր նվազել է. «Ֆիլմարտադրության ոլորտում ոչ թե թվային ցուցանիշին են նայելու, այլ որակին: Որոշել ենք քանակը նվազեցնել, բայց ունենալ որակյալ ֆիլմեր»։
Մակունցը նշեց, որ մարզերի մշակութային զարգացման ծրագրին են ուշադրություն դարձնելու, որի համար հատկացումները կազմելու են 270 մլն դրամ, ինչը, նրա կարծիքով, մեծ ցուցանիշ է:
Նա հայտնեց, որ գրադարանների և գրքերի համալրելու ցուցանիշն է կրկնապատկվել:
«Հուշարձանների պահպանության ոլորտում փոփոխություն չկա։ Բյուջեն սահմանափակ է, և հասկանալի է, որ մեր երկրի նման մշակութային ժառանգություն ունեցող պետություններում մեծ միջոցներ են պետք բազմադարյա ժառանգությունը պահպանելու համար: Այս առումով մեր քաղաքականությունը մի քանի ուղղվածություն ունի. առաջին հերթին գտնում ենք, որ բոլոր դրամաշնորհային նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են ընձեռնում դիմել մասնավոր սեկտորին, մենք հայտ ենք ներկայացրել՝ որպես պետական սեկտոր նույնպես դիմելու։ Այս պահին Հայաստանում կա 25 000 գրանցված հուշարձան: Եվ եթե դիտարկում ենք այն բյուջեն, որ այս պահին ունենք, ստացվում է՝ տարեկան յուրաքանչյուր հուշարձանին հատկացվում է 10 000 դրամ, ինչը բավարար չէ: Առաջնահերթություններ ենք սահմանում, որպեսզի շարժվենք առաջ»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը:
Ինչն է մշակույթի ոլորտում նորությունը՝ Լիլիթ Մակունցը արդեն հստակ որոշել է ռեյտինգային կարգով մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նա հայտնեց, որ առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն համայնքներում։
Ընտրություններից հետո միայն թիմը կորոշի՝ ինքը մնալու եմ խորհրդարանո՞ւմ, թե՞ կառավարությունում. «Մենք թիմով որոշում կկայացնենք՝ ինչպես ենք վարվելու։ Մի բան հստակ է՝ մեր որոշումն է ունենալ թե լավ կառավարություն, թե լավ Ազգային ժողով»:
Լրագրողների հարցին՝ կուսակցակա՞ն է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակունքներում եմ կանգնած եղել, բայց իմ աշխատանքի բնույթից ելնելով՝ չեմ անդամագրվել կուսակցությանը։ Բայց այն պահից, երբ ստացա պաշտոնը, որը գիտեք, քաղաքական է, որոշեցի նաև քաղաքական առումով ամրագրել իմ կարգավիճակը»։
Մեկ այլ հարցի, թե մշակույթի նախարարության աշխատակիցներին պարտադրու՞մ են անդամակցել կուսակցությանը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ինչի՞ մասին է խոսքը։ Նման թեմա երբևէ չի շոշափվել նախարարության աշխատակիցների հետ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան