Գլխավոր ճարտարապետի դերը՝ Մեսչյանի ներկայացմամբ
Այսօր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր առաջին մամուլի ասուլիսը սկսեց հետևյալ հարցադրումով՝ «Ամենակարևոր խնդիրներից մեկը՝ վերջնականապես ճշտել գլխավոր ճարտարապետի դերը»։
Մեսչյանի խոսքով՝ ամեն մի քաղաքապետի ժամանակ գլխավոր ճարտարապետի իրավասությունները կարվում էին ըստ քաղաքապետի քմահաճույքի։
«Այ սա լուրջ է և իմ ամենակարևոր աշխատանքներից մեկը նա է լինելու, որ վերջնականապես ճշտվի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որպեսզի չանձնավորվի, որպեսզի վաղը, եթե իմ փոխարեն դուք հանդիպեք ուրիշ գլխավոր ճարտարապետի հետ, նա արդեն աշխատի որոշակի մշակված գործառույթով։ Գլխավոր ճարտարապետը պետք է ունենա որոշակի գործիքակազմ, որպեսզի կարողանա լիակատար աշխատի։ Մինչև այսօր, ցավոք սրտի, այդ ամենը մի փոքր տարօրինակ վիճակի մեջ էր»,- ասաց ճարտարապետը։
Մեսչյանը նշեց, որ գլխավոր ճարտարապետին անհրաժեշտ ամենակարևոր գործիքներից մեկը քաղաքային ճարտարապետությունը կարգավորելն է, որը, ըստ նրա, գրեթե բացակայում էր։
«Բոլոր բաժինները կային, և վերահսկողության, և քաղաքաշինության, տարբեր-տարբեր գերատեսչություններ, որոնք զբաղվում էին քաղաքային քաղաքականությամբ, այ հիմա եկավ ժամանակը, որ այդ ամենը ժողղվեն միասին, և ստեղծվի մի սիստեմ, որ բոլոր աշխատեն միասին։ Այդ պուճախային աշխատանքին եկավ վերջ, էլ ոչ մեկն առանձին-առանձին, ամեն մեկն իր քմահաճույքով, իր անձնական շահերից ելնելով գործառույթ չի ունենալու, համենայն դեպս այնքան ժամանակ, որքան ես ստանձնել եմ այս պատասխանատվությունը»,- հավելեց նա։
Ըստ Մեսչյանի, Երևանի մեծագույն պրոբլեմը ապօրինի շինություններն ու հողազավթումն է։
«Երբ ապօրինի շինարարություն կատարողը կամ հողազավթողը գիտի, որ հետագայում կարող է օրինականացնել այդ ամենը, բնականաբար դա բերում է նրան, որ կատարում է այն, ինչ որ տեսնում եք ամեն օր։ Ապօրինի շինարարությանը վերջ, հողազավթմանը վերջ, չի լինելու օրինականացում, մի ստեղծեք ձեզ համար խնդիրներ։ Դրա փոխարեն ես ձեզ խոստանում եմ՝ եթե որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերն օրինական ճանապարհով, բոլոր հնարավորություններով մենք կաշխատենք հեշտացնել ձեր կյանքը։ Նրանք, ովքեր այսօր պատրաստվում են կատարել ապօրինի շինարարություն, մի արեք, ունենալու եք լուրջ պրոբլեմներ, խոստանում եմ ձեզ»։
Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ իրենց բավականին հետաքրքիր ժառանգություն է հասել, տրվել են այնպիսի ճարտարապետական նախագծերի թույլտվություններ, որոնք ուղղակի ապշեցուցիչ են։
«Խնդիրն այն է, որ ես այսօր իրավասություն չունեմ արդեն հաստատված նախագծերն օրենսդրական դաշտով հետ բերել, դա սարսափելի դժվար, բավականին մեծ դատական խնդիրների հետ կապված աշխատանք է, բայց ես հանդիպում եմ կառուցապատողների, ճարտարապետների հետ և փորձում եմ բերել ինչ-որ մի տրամաբանական սահմանի, ոնց որ թե ստացվում է։ Համենայն դեպս մի քանի ագրեսիվ շինարարության հետ կապված ես կարողացա գալ ինչ-որ լուծման»։
Արթուր Մեսչյանը շեշտեց, որ իրեն ոչ մի նախապատրաստական աշխատանք պետք չէ, ինքը շատ լավ գիտի՝ ինչից պետք է սկսել և ուր պետք է գնալ։
Ինչ վերաբերում է արդեն կառուցված շինություններին, նշեց, որ դրանք բավականին մեծ պրոբլեմ են քաղաքի համար, դրանց հետ կապված ևս կան լծակներ, որոնց համար էլ պետք է մեկ բան՝ Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ։
«Երևանի բոլոր վարչական համայնքներին մոտենալ նույն ճարտարապետական օրենքներով՝ մի փոքր վտանգավոր է։ Հետագայում մենք ուզում ենք կազմավորել մի շատ կարևոր ծրագիր, որը կներկայացնենք կառավարություն, հուսով եմ, որ կառավարության որոշումից հետո ԱԺ-ն ևս կընդունի, և Երևանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ»,- նշեց ճարտարապետը։
Հարակից հրապարակումներ`
- Իմ գլխավոր միսիան երևի նրա մեջ է, որ հեշտացնեմ երևանցիների կյանքը. Արթուր Մեսչյան
- Արթուր Մեսչյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում