Բագրատ Նավոյան. «ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը»
«Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է Մարտունիում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու մտադրության մասին:
«Ինչպես գիտեք, ես արմատներով Մարտունուց եմ, «Ալաշկերտն» էլ նախկինում ներկայացրել է Մարտունին: Այս հանգամանքները հաշվի առնելով` մտադիր եմ զարգազնել և մասսայականացնել ֆուտբոլն իմ հարազատ քաղաքում: Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր:
Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը: Կոչ եմ անում Մարտունու քաղաքապետին և Գեղարքունիքի նորընտիր մարզպետին աջակցել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին այս նախաձեռնության մեջ և համապատասխան հողատարածք հատկացնել` մարզադպրոց հիմնելու համար:
Մարզադպրոցի սպասարկման ամբողջ ծախսը հոգալու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը: Մարզադաշտի առկայության պարագայում, հնարավոր է, որ ապագայում «Ալաշկերտն» իր տնային հանդիպումներն անցկացնի Մարտունիում և մեծ ուրախություն պարգևի մարտունեցի երկրպագուներին:
Շատ շուտով կստեղծվի նաև մեր կանանց թիմը: Մանրամասների մասին կհայտնենք առաջիկայում: Առիթից օգտվելով` կոչ եմ անում երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել «Ալաշկերտին» բոլոր հանդիպումներում: Միասին մենք դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու»,- նշել է Նավոյանը: