Կարեն Կարապետյանը չի մասնակցի առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահեր ընտրություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է Կարեն Կարապետյանի տարածած հայտարարության մեջ:
«Սիրելի հայրենակիցներ, Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել: Մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ: Յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ: Այս երկար տարիների ընթացքում ես, իմ ընտանիքի անդամները ջանացել ենք պարզ ու շիտակ լինել հասարակության առաջ: Պատգամավորական մանդատը, մեր հնարավորությունները փորձել եմ ծառայեցնել երկրի զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային կյանքի բարելավմանը: Արել եմ, ինչ կարողացել եմ:
Վստահեցնում եմ՝ պետական դիրքը երբեք չեմ օգտագործել անձնական շահի կամ ավելի մեծ իշխանություն ունենալու համար: Քաղաքական հարաբերություններում բաց ու անկեղծ եմ եղել:
Այսօր ես որոշում եմ կայացրել: Չեմ մասնակցելու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին: Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է: Պատգամավոր դառնալն ինձ համար նպատակ չէ: Մեր պետականությունը բարդ ու դժվարին վերափոխումների փուլում է: Քաղաքական համակարգի վիճակը, իմ տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ ինձ հարկադրում են այս անգամ չառաջադրվել: Շնորհակալություն օրենսդիր-գործադիր մարմինների բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն հատկապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ովքեր վստահել և հավատացել են ինձ: Հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակից լինելու, անհրաժեշտության դեպքում համապետական խնդիրների վերաբերյալ դիրքորոշում, գնահատական հնչեցնելու համար պատգամավորի մանդատ ունենալը պարտադիր չէ: Ես շարունակելու եմ լինել Ձեր կողքին, իմ պետության հետ, շարունակելու եմ կարողություններիս սահմանում ծառայել մարդկանց: Իմ ընտանիքի միջոցներով սկսված բոլոր ծրագրերն ավարտվելու են, նորերն են իրականացվելու:
Նոր ձևավորվելիք իշխանություններին հորդորում եմ՝ հատուկ ուշադրություն դարձնել մեր անվտանգության հիմնահարցերին, դրա կարևորագույն բաղադրիչ, հիմքերի հիմք տնտեսական քաղաքականությանը, բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: Խոստումների, ճառեր ասելու ժամանակներն անցել են: Զանգ կախողներ են պետք: Հատկապես ընտրություններից հետո, երբ մեր երկիրը բարդագույն մարտահրավերներ է դիմագրավելու: Իմ համակիրներին, ընտրողներին խնդրում եմ պատասխանատվությամբ մոտենալ առաջիկա ընտրություններին և քվեարկել խղճի մտոք: Միայն այդ պարագայում կկարողանաք պահանջատեր լինել և չհիսաթափվել: Միայն այդ պարագայում կկարողանաք Ձեր զավակների արժանապատիվ ապագայի հիմքերը դնել:
Դարձյալ շնորհակալություն: Համոզված եմ՝ դեռ հանդիպելու շատ առիթներ ենք ունենալու»,- գրված է հաղորդագրությունում»,- ասված է Կարեն Կարապետյանի տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին