ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է ինտենսիվ փուլ. փոխնախարարի պաշտոնակատար
«ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է բավական ինտենսիվ փուլ և առաջիկայում այս գործընթացը բոլոր դերակատարներից կպահանջի թիրախավորված աշխատանք և մոտեցումներ»,- այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը՝ ներկայացնելով ՀՀ-Եմ հարաբերությունները։
Նա ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անկյունադարձային իրադարձություն հանդիսացավ ապրիլին Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրի վավերացումը մեր Ազգային ժողովի կողմից։
«Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, որ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնեն։
Մինչև օրս այն վավերացրել են Բալթյան երկրները, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Ռումինիան, և մի շարք այլ երկրներ, որոնք մասամբ են իրականացրել, սակայն սպասվում է ամբողջական վավերացման գործընթաց մոտ ժամանակներս»,- մանրամասնեց փոխնախարարի պաշտոնակատարը։
Կարեն Նազարյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և դրա կիրարկումը հնարավորություն կտա Հայաստանին ԵՄ երկրների հետ դուրս գալ առավել արդյունավետ համագործակցության՝ այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների առումով։
«GSP+-ը, այո, նախատեսում է 6500 ապրանքատեսակների արտահանման համար զրոյական տարիֆներ։ Կարիք կա նախ մասնավոր հատվածին իրազեկել այդ հնարավորության մասին և խրախուսել օգտվելու այդ համակարգից, ինչն առավել աշխուժություն կարող է մտցնել ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,-ասաց նա։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հիշեցրեց, որ Հայաստանը ԵՄ երկրներ արտահանում է ընդամենը 900 անուն ապրանք՝ թույլատրված 6500-ից։
Քնարկմանը ներկա Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ Կարեն Նազարյանից հետաքրքրվեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն ընթանում է ըստ գրաֆիկի, թե հետ է մնում։
ԱԳ փոխնախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ համաձայնագրի վավերացման գործընթացը մեծապես կախված է ԵՄ անդամ երկրների սահմանադրական առանձնահատկություններից։
«Կան երկրներ, որտեղ չի պահանջվում խորհրդարանի կողմից ներպետական ակտի ընդունում և հակառակը։ Գործընթացն, անշուշտ, մի փոքր դանդաղել է, որքան էլ մենք փորձում ենք խթանել։ Սակայն ժամանակավոր կիրարկումը, որը սկսվել է հունիսի մեկից, արդեն իսկ հնարավորություն է տալիս կյանքի կոչել փաստաթղթի 80 տոկոսը»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը։
Կարեն Նազարյանը հույս հայտնեց, որ 2019 թվականի կեսերին ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ վավերացված կլինի։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումից մեկ տարի անց գործընթացի տեմպը բավարար չէ. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ կոմիտեն կոչ է անում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն
- Ակնկալում ենք արդյունավետ առաջընթաց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում. եվրոպացի պաշտոնյա
- Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները
- Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխները
- Մերկելին պետք է մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի և վիզաների ազատականացման նպատակի մասին. վերլուծաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան