ԿԲ-ն և առևտրային բանկերը գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից բխող հնարավոր հետևանքները
ՀՀ կենտրոնական բանկը սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու և արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով։ Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ։
«Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը քաջատեղյակ են սույն թվականի մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության համաձայն օգոստոսի 6-ին և նոյեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին և իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետևանքները։
Հարկ է նշել, որ ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները դեռևս մինչև 2016 թվականի հունվարի 16-ին Վեցյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան) կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատվելը ներդրել են, իսկ այդ ծրագրից ընթացիկ տարվա մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո էլ շարունակում են կիրառել կանխարգելիչ միջոցառումների ամբողջական համակարգ։
Նշված համակարգը ՀՀ ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս զերծ մնալ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային զենքի տարածման ֆինանսավորմանը որևէ կերպ առնչվող գործառնություններից՝ լիովին ապահովելով դրանց մասով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի որոշումներով նախատեսված սահմանափակումների և արգելքների պատշաճ իրագործումը։
ՀՀ կենտրոնական բանկը սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու և արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով»,- հայտնում են ԿԲ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չպետք է հետքայլ կատարի Իրանի հետ հարաբերություններում. իրանագետ
- ԱԳՆ. Իրականացվում է ՀՀ-ի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների ուսումնասիրություն
- Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել փակված բանկն ու խորտակված նավը
- Որքանով ԱՄՆ-ն ըմբռնումով կմոտենա Հայաստան-Իրան հարաբերություններին. մեկնաբանում է Ջորջ Քենթը
- Իրանի հանդեպ պատժամիջոցների հարցը բավականին զգայուն մի թեմա է մեզ համար. Կարեն Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան