2019թ.-ի պետբյուջեի նախագծով հատկացումները՝ ԱԻ նախարարությանը, Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին
2019թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 12 մլրդ 571 մլն դրամ, որը նախորդ տարվա բյուջեի համեմատ ավել է 1 մլրդ 593 մլն դրամով։ Այս մասին ԱԺ պաշտպանության ն և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնակատար Արա Նազարյանը:
Նա նշեց, որ 9 մլրդ-ն աշխատավարձն է կազմել, որն ընդհանուր գումարի 71,7 տոկոսն է, 13,4 տոկոսը պարգևատրման և հատուկ վճարների ֆոնդն է, մնացած 14,9 տոկոսը՝ համակարգի ստորաբաժանումների, հիմնարկների պահպանման ծախսերը:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ նա նշեց. «Սեյսմիկ ծառայության, նաև հիդրոօդերևութաբանության տեսակետից ունենք խնդիր տեխնիկան արդիականացնելու և թվային տեխնիկայով համալրելու ծառայությունը, որ կանխորոշեն հնարավոր երկրաշարժերը և գյուղատնտեսական անմիջական կապի մեջ մտած հակակարկտային զարգացումը: Խնդիրներ ունենք վաղ ազդարարման համակարգի զարգացման ոլորտում՝ հրդեհների կանխարգելման հետ կապված համապատասխան պլանի կիրառումը շահագրգիռ գերատեսչությունների հետ: Այլ խնդիրներ էլ կան, ավելի լուրջ, բայց բաց ռեժիմի քննարկման հարց չէ»,-ասաց նա:
Գալիք տարվա պետբյուջեի նախագծով 61, 9 մլրդ դրամ կտրամադրվի ՀՀ ոստիկանությանը։ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ 6 ծրագրերի համար հատկացվել է 45,6 մլրդ դրամ, և դրանց իրականացման աջակցման 4 ծրագրերի համար՝ 16,3 մլրդ դրամ:
«Հաջորդ տարվա ծրագրերով ոստիկանությունում նախատեսվում է կազմակերպչաիրավական և կառուցվածքային օպտիմալացման գործընթաց, որի նպատակը կառուցվածքի արդիականացումն է: Նախատեսվում է նաև ոստիկանությունում նոր պարեկային շարժական ծառայություն ստեղծել, որի նպատակն է քաղաքացիներին աջակցություն ցուցաբերել՝ նրանց կողմից սեփական իրավունքները և օրինական շահերը պաշտպանելիս: Նաև օգնություն ցուցաբերել անօգնական կամ կյանքի համար վտանգավոր, կամ այլ իրավիճակում հայտնված քաղաքացիներին երթևեկության կազմակերպման խցանումների զանգվածային կազմակերպման և վթարների, նաև տեխնածին աղետների և արտակարգ իրավիճակների ընթացքում»,- մանրամասնեց Օսիպյանը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ ԱԱԾ-ին 2019-ի բետբյուջեի նախագծով կհատկացվի 22 մլրդ 580 մլն դրամ, որը նախորդ տարվա բյուջեից ավելի է 2 մլրդ 207 մլն դրամով։
«Ծրագրի գերակշիռ մասը նախատեսվում է աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների, դրամական խրակուսումների և այլ վարձատրումների վճարման համար»,- ասաց Արամ Հակոբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան